ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
հոդվածի հեղինակ
Ատոմ Մխիթարյան
ՀՀ բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող գործող օրենքներն ընդունվել են շուրջ 20 տարի առաջ և, վստահաբար, արդեն «հնացած են» ու չեն արտահայտում հասարակական հարաբերությունների արդի վիճակը, ավելին՝ խոչընդոտում են զարգացումները: Մասնավորապես, «Կրթության մասին» ՀՀ օրենքն1 [1] ընդունվել է 1999 թվականին, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը՝ 2004 թվականին2 [2]: Այն սահմանում է երկաստիճան բարձրագույն կրթություն՝ բակալավրիատ և մագիստրատուրա: 2005 թվականին Հայաստանը պաշտոնապես միացել է Բոլոնիայի գործընթացին3 [3], որը ենթադրում է եռաստիճան բարձրագույն կրթություն՝ ներառելով նաև դոկտորանտուրան (ասպիրանտուրա՝ այսօրվա ՀՀ գործող օրենսդրության մեջ օգտագործվող տերմինաբանությամբ): Մյուս կողմից, 2015 թվականին ընդունվել է նոր խմբագրությամբ Սահմանադրությունը, որն հստակորեն սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման՝ ինքնավարության և ակադեմիական ազատությունների կարևորությունը4 [4, հոդված 38]:
Վերջին տարիներին իրականացվել են ոլորտում առկա վիճակի վերլուծությանն ուղղված մի շարք հետազոտություններ5 [5], որոնց արդյունքները հստակ մատնանշում են բարձրագույն կրթության համակարգի՝ միջազգային չափանիշներին համահունչ զարգացումը խոչընդոտող օրենսդրական բացերը։ Այսպես, գործող օրենքներով սահմանված համապատասխան դրույթները չեն նպաստում բարձրագույն կրթության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը, չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության համար միասնական մոտեցումների և սկզբունքների կիրառումը, բուհհետազոտություն-տնտեսություն բնականոն կապը, ինչպես նաև սահմանադրական պահանջից բխող՝ բուհերի ինքնակառավարման հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, հաշվետվողականության և ֆինանսավորման անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները: Վերը նշված օրենսդրական բացերը լրացնելու և բարձրագույն կրթության ոլորտի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հիմքերը և պայմանները ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ-ում օրենքի մակարդակով ամրագրել. -բուհերին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները, -բուհերի գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները՝ ապահովելու դրանց պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջև, -գիտական կազմակերպությունների հետ բուհերի արդյունավետ համագործակցության մեխանիզմները, -բարձրագույն կրթության երկաստիճանից եռաստիճանի անցումը, -հեռավար ուսուցման կազմակերպման հնարավորությունը, -ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ ծրագրերի իրականացման հնարավորությունը, -երկու և ավելի բուհերի՝ համատեղ կրթական ծրագիրի իրականացման հնարավորությունը, համատեղ դիպլոմների շնորհումը, -հատկապես երկրորդ և երրորդ մակարդակներում առանձին դասընթացների և կրթական ծրագրերի՝ օտար լեզվով դասավանդելու հնարավորությունը, որը նպաստելու է բարձրագույն կրթության միջազգայնացմանն ու «արտահանմանը»։ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կառավարման իրավական հիմքերի բարեփոխման հիմնական նպատակները, մեր կարծիքով, պետք է լինեն. ա) բարձրագույն կրթության ոլորտում իրավահավասարության ապահովումը և խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը, բ) բուհերի ինքնավարության, ակադեմիական և հետազոտությունների ազատության ապահովումը, ակադեմիական շարժունությանը նպաստելը, գ) հայագիտական հետազոտությունների գերակայությունը, դ) կրթված, զարգացած և մրցունակ անհատի ձևավորմամբ հասարակության կայուն զարգացմանը նպաստելը, ե) Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին և Եվրոպական հետազոտական տարածքին ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ինտեգրվածության շարունակական ընդլայնումը՝ ազգային կրթական առաջադեմ ավանդույթների և նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ, ինչպես նաև միջազգային լայն համագործակցության ապահովումը, զ) ներկայիս ասպիրանտական ծրագրերի համապատասխանեցումը Զալցբուրգյան սկզբունքներին6 [6]՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան, է) կրթության համակարգի բարեփոխումների ու նորարարությունների խթանման հիմքերի ստեղծումը, բուհ-հետազոտություն-տնտեսություն կապի ամրապնդումը ու կարգավորող չափանիշների ներդրումը։ Այս նպատակներին հասնելու, բարձրագույն կրթության համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար հարկավոր է այնպիսի օրենսդրական հիմքերի ստեղծում, որտեղ հստակորեն կսահմանվեն՝ -բարձրագույն կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, -բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության կատարողականի արդյունքային ցուցիչների հիմքերը, -կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները, -բուհերի գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները, 6 Bologna Seminar on “Doctoral Programmes for the European Knowledge Society”, Salzburg, 3-5 February 2005 - միջազգային պահանջներից ելնելով բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացման հիմքերը, սկզբունքները և մեխանիզմները: Այսպիսով, ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտի արդյունավետ կառավարման և միջազգային չափանիշներին համապատասխան դինամիկ զարգացման համար մեծ խոչընդոտ է գործող օրենսդրությունը։ Այն ընդունվել է շուրջ քսան տարի առաջ և չի արտահայտում բարձրագույն կրթության ոլորտում այժմ գործող իրերի դրությունը։ Մասնավորապես, բարձրագույն կրթությունը երեք մակարդակների փոխարեն ունի ընդամենը երկուսը՝ բակալավրիատ և մագիստրատուրա։ Վերջին հինգ տարիների ընթացքում բարձրագույն կրթության օրենսդրական բարեփոխումների բոլոր նախաձեռնությունները տապալվել են հասարակական լայն համաձայնության մթնոլորտի բացակայության, ՀՀ-ում կառավարությունների ու դրանց մոտեցումների փոփոխությունների պատճառով։ Մինչդեռ բարձրագույն կրթության, դրա արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման համար օր առաջ անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնք հիմք կհանդիսանան ոլորտի կայուն զարգացման համար։
ԱՄՓՈՓԱԳԻՐ. Հոդվածում հիմնավորվում է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի իրավական հիմքերի շուտափույթ փոփոխության անհրաժեշտությունը։ Առաջարկվում են բարձրագույն կրթության համակարգը կանոնակարգող իրավական ակտերի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները։ Դրանք կնպաստեն ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը, բարձրագույն կրթության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը, դինամիկ զարգացմանը:
ՀԻՄՆԱԲԱՌԵՐ. Բարձրագույն կրթություն, բարեփոխում, Բոլոնիայի գործընթաց, բակալավրիատ, մագիստրատուրա, դոկտորանտուրա, Զալցբուրգյան սկզբունքներ
1 «Կրթության մասին» ՀՀ օրենք, ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է 1999 թվականի ապրիլի 14-ին, ՀՕ -297
2 «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք, ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, ՀՕ- 62-Ն
3 The Bologna Process and the European Higher Education Area, The Bologna Process and the European Higher Education Area | Education and Training (europa.eu), European Higher Education Area and Bologna Process (ehea.info)
4 ՀՀ Սահմանադրություն, ընդունված համաժողովրդական հանրաքվեով 06 դեկտեմբերի 2015 թվական
5 «Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում», Զեկույց, Երևան 2012 «Կառավարման խնդիրների լուծումը` Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում», Զեկույց, Երևան 2013 «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության վրա ազդող գործոնների ռիսկի վերլուծություն», Զեկույց, Երևան 2015
6 Bologna Seminar on “Doctoral Programmes for the European Knowledge Society”, Salzburg, 3-5 February 2005