Ատոմ Մխիթարյան
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզմաթ գիտ. գիտություններ, իրավագիտության մագիստրոս, մանկավարժության դոցենտ
Ալբերտ Այնշտայնի նման գիտնականները հայտնի են ամբողջ աշխարհում, բայց քչերն են հասկանում հարաբերականության տեսությունը կամ քվանտային ֆիզիկան: Պարզ ասած, քվանտային տեսությունը բացատրում է տիեզերքը կազմող տարրական մասնիկների վարքագիծը: Ֆիզիկոսները նկարագրում են այդ մասնիկների պահվածքը ճիշտ նույն կերպ, ինչպես լրագրողները քաղաքական գործիչների «տարօրինակ», «խորհրդավոր», «անբացատրելի», «հիմար», երբեմն նույնիսկ «սատանայական» վարքագիծը: Մասնիկները, առաջին հայացքից, ցուցաբերում են անկանխատեսելի վարքագիծ, սակայն դա միայն առաջին հայացքից, կան որոշակի օրինաչափություններ: Մասնիկները շարժվում են որոշակի ուժերի ազդեցության ներքո՝ հասնելու իրենց նպատակակետին, որտեղ ուժերը հավասարակշռված են. քաղաքական գործիչներն էլ նպատակ են հետապնդում հասարակական բարձր վարկանիշ ունենալու, ընտրությունների ժամանակ շատ ձայներ հավաքելու: Նմանություններ կան, իսկապես: Անսպասելի քաղաքական շրջադարձերը, միևնույն հասարակական-քաղաքական երևույթի գրեթե միաժամանակ ի հայտ գալը աշխարհի միմյանց հետ գրեթե կապ չունեցող երկրներում, «քվանտային քաղաքականության» դրսևորումներ են, արտահայտություն, որը հեղինակել և շրջանառության մեջ է դրել Հայաստանի ֆիզիկոս-նախագահ Արմեն Սարգսյանը: Ֆիզիկայում, օրինակ, ժամանակին ատոմներն էին համարվում նյութի ամենափոքր և անբաժանելի մասնիկները: Այս պատկերացումն ամբողջությամբ փոփոխվեց 20-րդ դարի առաջին կեսին քվանտային ֆիզիկայի ի հայտ գալով (Պլանկ, Այնշտայն, Շրյոդինգեր, Բրոյլ, Բոր, Պաուլի, Հեյզենբերգ և այլն): Քաղաքականության մասին մեր պատկերացումները ևս պարտադիր թարմացման կարիք ունեն. անհրաժեշտաբար հարկավոր է հաշվի առնել նոր տեխնոլոգիաների և սոցիալական լրատվամիջոցների ու ցանցերի կարևոր դերը: Ֆիզիկայում, ինչպես քաղաքականության մեջ, ուղղագիծ մտածողությունն արդեն հնացած է: Մենք այժմ ապրում ենք անորոշության, անկանխատեսելիության, արագացող փոփոխությունների, խճճվածության և փոխկապակցվածության դարաշրջանում: Քվանտային ֆիզիկան դասականից տարբերվում է այն տարօրինակ փաստով, որ դիտելիս մասնիկը ազդվում է և փոխում իր վարքագիծը, ուղին: Յուրաքանչյուր դիտարկում փոխում է ստացվող արդյունքը: Նույնը տեղի է ունենում նաև քվանտային քաղաքականության մեջ: Սոցիալական լրատվամիջոցները հնարավորություն են տալիս և՛ մոտիկ, և՛ շատ հեռու գտնվող մարդկանց հետևել իրենց հետաքրքրությունների շրջանակներում գտնվող բոլոր քաղաքական զարգացումներին, որոշակիորեն ազդել դրանց վրա։ Այս փաստը ազդեցիկ ռեակցիաներ է առաջացնում նույնիսկ ուղղակիորեն չկապակցված տարածաշրջաններում, քաղաքական վարքի կամ որոշումների փոփոխություն է հարուցում: Օրինակ, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներն արագ արձագանք են գտնում արևմուտքում քաղաքական որոշումների կայացման գործընթացների վրա. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունում: Կամ, սփյուռքահայերը սոցիալական ցանցերի միջոցով հետևում են Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, լավ իրազեկված են և սեփական կարծիքը բարձրաձայնելով կարողանում են ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա: Քվանտային ֆիզիկայում գոյություն ունի մեկ այլ տարօրինակ երևույթ. տարրական մասնիկները կարող են գոյություն ունենալ միևնույն ժամանակ երկու, նույնիսկ մի քանի «վիճակներում»: Մարդիկ դիտում են տեսանյութեր իրենց բջջային հեռախոսներով, լրատվամիջոցներով հետևում են քաղաքական գործընթացներին, փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և պատասխանում էլեկտրոնային փոստով ստացված նամակներին՝ միևնույն ժամանակ «բնակվելով» մի քանի աշխարհում: Քվանտային ֆիզիկայում փորձերը բացահայտում են տարրական մասնիկների ևս մի խորամանկ հատկություն. նրանք «գիտեն», որ մենք դիտում ենք և անմիջապես փոխում են իրենց հետագիծն ու վարքը։ Ավելին, նրանք նաև գիտեն, որ մենք նախատեսում ենք դիտել. մասնիկները կարող են կանխատեսել: Արդյո՞ք սա այն է, ինչ մենք անվանում ենք ինտուիցիա, տելեպատիա կամ ուղղակի ներզգայություն: Այսպիսով, խելացի քաղաքական գործիչների համար միանգամայն բնական է կանխատեսել հասարակության արձագանքը և համապատասխանաբար կարգավորել սեփական պահվածքը: Արդյո՞ք քվանտային քաղաքականությունը նոր է: Իհարկե ոչ. Քվանտային ֆիզիկան տիեզերքում գոյություն ուներ դեռևս գիտնականների հայտնաբերումից շատ առաջ: Քվանտային քաղաքականությունը, հավանաբար, նույնքան հին է, որքան մարդկությունը, բայց կասկած չկա, որ տեխնոլոգիաները և սոցիալական լրատվամիջոցները անշրջելիորեն փոխել են քաղաքականության կառուցվածքը: Արդեն մասնագետները մաթեմատիկական մոդելներ են կիրառում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների ազդեցությունը գնահատելու համար: Քաղաքականության վրա ազդող գործոնները բազմազան են ու գնալով դրանք աճում են էքսպոնենցիալ կերպով: Մինչև 2005 թվականը մարդկության արշալույսից ի վեր կուտակվել էր ընդհանուր առմամբ 130 էքսաբայթ (EB) ինֆորմացիա (1 EB = 10-ի 18 աստիճան բայթ): Այժմ մարդկության կողմից օրական «արտադրվում է» շուրջ 2,5 EB ինֆորմացիա ու 2020-ի ավարտին արդեն ունեինք մոտ 41000 EB ինֆորմացիա: Ինչպե՞ս է հնարավոր վերլուծել այսքան շատ տվյալներ: Մարդն հաստատ ի վիճակի չէ: Հարկավոր է ստեղծել նոր ալգորիթմներով արհեստական բանականության նոր տեսակներ, որոնք կարող են իրականացնել այս չափազանց բարդ ու ահռելի մեծ քանակությամբ տվյալների մշակումը: Այս խնդրի լուծումն, ըստ էության, քաղաքականության համար ևս մեկ «քվանտային» ցատկ կարող է դառնալ:
Comments