
Ատոմ Մխիթարյանը տարիներ շարունակ զբաղվել է Սփյուռքի համայնքների կազմակերպման, կրթության, մշակույթի ու երիտասարդության ոլորտների հիմնախնդիրներով, ղեկավարել է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչությունը։ Նրա այս հոդվածը կարևորում է Արցախյան հիմնախնդրի լուծման համահայկական - միասնական մոտեցման ձևավորումը, որը, իր հերթին, կարող է համազգային համախմբման համար հաշվարկման նոր կետ դառնալ։
Հայաստանի անկախացումից ի վեր, մինչև վերջերս, Հայրենիք – Սփյուռք գործակցության պետական քաղաքականության ծիրում միշտ առանցքային դեր է ունեցել Արցախին օժանդակության, Արցախի Հանրապետության ճանաչման խնդիրը։ Դա տևեց այնքան ժամանակ, երբ դեռ մեր պետությունն այս ուղղությամբ վարում էր որոշակի համակարգված քաղաքականություն։ Այժմ այս բնագավառում տիրում է քաոս․․․ Սփյուռքը չգիտի Արցախի հարցում Հայաստանի վարած քաղաքականության առաջնահերթությունները, Արցախի իշխանությունները փարձում են հնարավորությունների սահմաններում ինքնուրույն գործել․․․
1988-ը, հիրավի, նշանակալի մի տարեթիվ է, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրյա զարթոնքը, պայքարը հանուն ազատության ու արդարության, հանուն մեր իրավունքների պաշտպանության, խորհրդանշում է մեր հավաքական- համահայկական կամքն ու միասնությունը։
Այն երաշխավորեց մեր հաղթանակները, միաժամանակ՝ միասնական տեսլականի/նպատակի շուրջ հավաքեց ողջ հայությանը ՀՀ-ում, ԱՀ-ում և Սփյուռքում։ Դա, առաջին հերթին, Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումն էր, Հայաստանի հզորացումը։
Այսօր ևս, Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ գլխավոր մոտեցումները պետք է լինեն ոչ միայն Հայաստանինը, այլև որդեգրված լինեն նաև թե' Արցախում, թե' Սփյուռքում: Առավել ևս, որ Բաքվում այս հարցում ընդհանրապես որևէ տարբերակում չեն դնում, և մենք բոլորս միասին ենք արժանացել «Ադրբեջանի համար մեկ թշանամու կոչմանը»:
Արցախյան խնդրի կարգավորման արդի մոտեցումները, որոնք մեր կարծիքով համահայկական /Հայաստան-Արցախ-Սփյուռք/ համախմբման նոր ալիք կարող են ստեղծել, հետևյալներն են։
Ա/ Առաջին մոտեցումը խաղաղ-արժանապատիվ բանակցային միջոցներով հանգուցալուծման հասնելու մեր հանձնառությունը պետք է լինի:
Երեսունհինգ տարի առաջ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում, հիմնվելով ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի վրա, պահանջում էր վերականգնել պատմական արդարությունը և հարգել մարդու հիմնարար ազատությունները։ Ինչպես Ղարաբաղյան շարժման արշալույսին, այնպես էլ դրա ողջ ընթացքում սա է եղել մեր ուղենիշը։ Տրամագծորեն հակառակն էին Բաքվի մոտեցումները, որը ինչպես երեսունհինգ տարի առաջ, այնպես էլ այսօր ապավինում է ուժի կիրառմանը: Խաղաղ ցույցերին ու պահանջներին Ադրբեջանում պատասխանում էին հայկական ջարդերով, որոնց հետևեցին նաև պատերազմական հանցագործությունները արցախյան գոյամարտի օրերին։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը: Եթե խորհրդային տարիներին Ադրբեջանը հետևողական վարում էր Լեռնային Ղարաբաղի բացահայտ հայաթափման ծրագիր, ինչի մասին նույնիսկ հրապարակային հպարտացել են ադրբեջանական ղեկավարները, ապա արցախահայության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում դիմեց բացահայտ էթնիկ զտման:
Ադրբեջանական բարբարոսությունները թե' ղարաբաղյան շարժման առաջին տարիներին, թե' 2016-ին ու 2020-ին կասկած չեն թողնում, որ Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների, իր ինքնորոշման համար պայքարը արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս:
Բ/ Երկրորդ մոտեցումը, որը հարկավոր է որդեգրել հիմնահարցի հանգուցալուծման նպատակով, դա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն է:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության հետ միասին աներկբայորեն ամրագրված է որպես Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Որպես այդպիսին այս երեք սկզբունքներն արտացոլված են թե' միջնորդների` Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների բազմաթիվ հայտարարություններում, թե' ԵԱՀԿ, թե' մի շարք այլ միջազգային կառույցների փաստաթղթերում: Այս հանգամանքը պետք է հիմք հանդիսանա ինքնորոշման իրավունքի փաստացի կիրառման` Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշմամբ, ինչը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։
Գ/ Հաջորդ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորումն է: Մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային պարտավորություններից մեկն է և Արցախն այս իրավունքը վաստակել է մեծ զոհողությունների գնով: Հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ պարունակի:
Բաքվի ռազմական հռետորաբանությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից հասարակության մեջ հայատյացության սերմանումը, նոր և նոր սպառնալիքներն ու հումանիտար ճգնաժամի հանգեցնող շրջափակումը կասկածի տեղ չեն թողնում, որ անվտանգության թերի երաշխիքների պարագայում հակամարտությունն ավարտված չի կարող համարվել:
Դ/ Չորրորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու, հետևողական քայլերին, որին կարելի է հասնել պատասխանատու և խելացի բանակցող թիմի միջոցով: Ընդ որում անհրաժեշտաբար այստեղ պետք է ներկայացված լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ։
Կարծում եմ դժվար չի լինի պատկերացնել, թե որքան մեծ ջանքեր պիտի մեզանից պահանջվի հետագայում, եթե օր առաջ չկարողանանք փոխել Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի, այսինքն ողջ հայության անունից բանակցողին։
Ե/ Վերջին մոտեցումը վերաբերում է Արցախի ու նրա ժողովրդի իրավունքների մասին միջազգային իրազեկվածության առավել բարձրացմանը, որտեղ առանցքային դերակատարություն ունի հենց Սփյուռքը:
Ասում են` «ակնհայտն ապացուցման կարիք չունի», սակայն որոշ դեպքերում ունի պարբերաբար հիշեցման կարիք: Մեր սփյուռքահայ եղբայներն ու քույրերն այս առումով պատրաստ են շարունակել իրենց հետևողական աշխատանքները։ Սակայն, էլի մի կարևոր հանգամանք, որ անընդհատ շեշտում են նրանք․ Հայաստանից չկան ազդակներ, համակարգված քաղաքականություն, մատնանշված ուղղություններ, որոնք պետք է ուղենիշ լինեն Սփյուռքի կազմակերպությունների, ազդեցիկ անհատների, լոբբինգով զբաղվող կառույցների համար։
Այսօր, Շարժման սկզբնավորումից 35 տարի անց, Սփյուռքում հայապահպանության, Հայաստանի պետականության ամրապնդման միակ գրավականը մնում է Արցախն ու արցախահայությունը։ Համահայկական միաբանության նոր ալիքի սկզբնավորման կիզակետում կրկին Արցախն է։
Comments