ՈՐՊԵՍ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ
Տնտեսական և քաղաքական իշխանությունների բաժանման հրամայականը
Տնտեսական կամ քաղաքական որևէ նախագիծ շրջադարձային վերափոխությունների ներուժ կարող է ունենալ որևէ երկրի համար, եթե այն առկա իրողությունների վերլուծության հիման վրա բացահայտում է հասարակական առաջընթացը խոչընդոտող խորքային պատճառները և առաջարկում դրանց հաղթահարման կոնկրետ ուղիներ: Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք դեմքով շրջվեն դեպի երկրի զարգացման համար սկզբունքային նշանակություն ունեցող, ուստիև գիտական իմաստավորում պահանջող հարցերը և դրանք դարձնեն քննարկումների գլխավոր առարկա։ Մեր ազգային կյանքում ավարտված հարյուրամյակում տեղի ունեցած հակամետ իրադարձությունները և վերջին տասնամյակներում մեզանում ահագնացող սոցիալական ու քաղաքական լարումները ակնհայտ են դարձնում, որ մենք ունենք այդ հարցերը ներքին քաղաքական խոսույթի օրակարգ բերելու խնդիր:
Վճռական քայլերն այս հարցում ժամանակին պետք է ձեռնարկեին ՀՀ իշխանությունները՝ պատասխանատու պետական գործիչներն ու հաստատությունները, որոնք նման առաջադրոնք պետք է տային ազգային հասարակագիտությանը: Բայց 1991 թվականից ի վեր, երբ խորհրդային սոցիալիզմից անցում կատարեցինք կապիտալիզմի այն տարատեսակին, որին մասնագետները տվել են վայրի կապիտալիզմ անվանումը, ազատական տնտեսության՝ դրսից ներմուծված տեսակի վերլուծության ու գնահատման հարցերը մեզանում համառորեն շրջանցել են ոչ միայն իշխանությունները: Դրանք լռության են մատնվել նաև քաղաքական կուսակցությունների կողմից՝ հակառակ այն բանի, որ դա նրանց սուրբ գործը պիտի լիներ և է մինչ օրս: Ինչ-որ արդարացում կարող են ունենալ սոցիալիստական կողմնարշման կուսակցությունները այն պատճառաբանւթյամբ, թե իրենք ընդհանրապես դեմ էին կապիտալիզմի որևէ տարատեսակ Հայաստան ներկրելուն:
Անցումային գործընթցների գիտական իմաստավորման հրամայակնն անտեսելու հարցում արդարացում չեն կարող ունենալ ազատական տնտեսության գաղափարը որդեգրած այսպես կոչված աջ թեքման կամ արևմտյան կուսակցությունների անվանացանկից պատճենահանված անուններով մեծ մասամբ անորոշ գաղափարական կողմնորշման մեր քաղաքական կուսակցությունները: Անկեղծությունը պահանջում է ասել, որ նրանք այդ գործը չէին էլ կարող անել քաղաքականության հարցերում մեզանում դեպի գիտությունը կողմնորոշված լինելու մշակույթի բացակայության պատճառով: Բայց չարված գործի համար ավելի մեծ է կրավորական կեցվածք ընդունած գիտական շրջանակների պատասխանատվության բեռը, որոնք երկրի համար բախորոշ նշանակության խնդիրը չդարձրին գիտական հետազոտության նյութ և չկարողացան կառուցողական գիտական ընդդիմություն դառնալ իշխանությունների համար՝ եթե ոչ սկզբունքորեն նոր, ապա գոնե կապիտալիզմի եղած տարբերակների մեջ ընտրություն կատարելու լոբբինգով: Չէ որ աշխարհն արդեն իսկ գիտեր շուկայական տնտեսության հաջողված մոդելներ՝ սոցիալական կողմնորոշման շուկայական տնտեսութան արևմտագերմանական մոդելը, ընդհանուր բարօրության հասարակություն անունն ստացած շուկայական տնտեսության անգլիական տարբերակը և այլն:
Այն հարցը, թե ճի՞շտ էր արդյոք կապիտալիզմի բազմաթիվ տարբերակների մեջ հօգուտ նրա վայրի տեսակի մեր կատարած ընտրությունը, մեզ չհուշեցին անկախության երկու-երեք տարվա ընթացքում ՀԽՍՀ-ում ստեղծած հզոր արդյունաբերական համալիրի ջարդոտումը, երկրի հայտնվելը տնտեսական անկման ու աղքատության անդունդի հատակում և նույնիսկ բնաթափման բնույթ ստացած արտագաղթը: Դրանց գիտական վերլուծության ու իմաստավորման խնդիրներն ընդհանրապես մնացին չգիտակցված ու նաև չպահանջված: Անցած ուղու իմաստավորմանը, նրա քննական վերլուծությանը մեզ չմղեցին նաև նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ուղեկցող քաղաքական ցնցումները, երբ թվում էր, թե բեկումնային այդ պահերին մեր ձախողումների պատճառների փնտրտուքը պետք է դառնար ներքին քաղաքական խոսույթի առարկա:
Այսպես թե այնպես, հետխորհրդային շատ երկրների հետ ՀՀ առաջնորդները բռնեցին նոր հասարակարգ կառուցելու ուղին «Մերժի՜ր սոցիալիզմը» կարգախոսով: Նկատենք, որ իրենց սպառած, առաջընթացը խոչընդոտող երևույթների մերժումը (բացասումը) հասարակական կյանքի բնական ուղեկիցն է: Կառավարվող, այլ ոչ թե սոցիալական տարերքին թողնված, գործընթացներում այդ մերժումը (բացասումը), որպես կանոն, կատարվում է նախապես մշակված որևէ սոցիալ-քաղաքական նախագծի իրագործման համար: Դա հնի կառուցողական մերժման մշակույթն է: Մեր դեպքում անցումային գործըն թացի սկիզբը դրած քաղաքական ուժերը գաղափար չունեին ո՜չ ինքնահոսի թողնված անցման վերջնարդյունքների, ո՜չ էլ դրան ուղեկցող վտանգների հաղթահարման ուղիների մասին:
Նույնն է վիճակը նաև այսօր: Ավանդույթի ուժ է ձեռք բերում քաղաքական մի մշակույթ, որին կարծես հակացուցված է մերժվող հնի և որդեգրվող նորի (քաղաքական նոր ուղեգծի) տեսական իմաստավորումը: Հասարակարգային իրողությունների խորքային վերլուծությունից զուրկ և այդ իմաստով դեպի ապագան չկողմնորոշված նման քաղաքական մշակույթը կարելի է անվանել դեստրուկտիվ (ապակառուցողական, հոռի) մերժման քաղաքական մշակույթ: Այսօր մեր ներքին քաղաքական կյանքը հենց այդ հունով է ծավալվում: Պատահական չէ, որ գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը մեզանում փոխարինված է ժողովրդին տրվող ամհիմն խոստումների մրցակցությամբ, քաղաքական ուղեգծի փոփոխությունը` իշխանափոխությամբ, միջկուսակցական պայքարը՝ միմյանց հասցեագրված փողոցային հայհոյանքներով կամ Ազգային ժողովում ժամանակ առ ժամանակ բորբոքվող ծեծկռտուքով: Գաղափարազուրկ քաղաքական զինանոցում իշխանությունը գրավելու կամ պահելու այլ գործիքներ չկան:
Դեստրուկտիվ մերժման քաղաքական մշակույթը երկրի զարգացման խնդիրները հայեցակարգերի, քաղաքական ուղեգծերի ու նախագծերի մշակման հարթությունից տեղափոխում է անձերի դիմակայության հարթություն՝ նրանց հետ կապելով ցանկալի բարեփոխությունների հույսերը կամ նրանցում փնտրելով սոցիալական բոլոր ձախողումների պատճառները, թեև ակնհայտ է, որ եթե պահպանվում է անարդարություն ու անհավասարություն սերող տնտեսակարգային մեքենան, ոչ մի իշխանափոխություն, աշխատասենյակների ցուցանակների ոչ մի փոփոխություն ի զորու չէ խափանելու հնի վերարտադրությունը[1]: Պահանջվում է այդ մեքենան կազմաքանդող նախագիծ:
Կան նման նախագծերին ներկայացվող անհրաժեշտ մեթոդաբանական պահանջներ, որոնց դրանք պետք է բավարարեն հաջողության հասնելու համար: Ակնհայտ է, օրինակ, որ անպայման պետք է բացահայտվի վերափոխման ենթակա հասարակարգի հիմնական հակասությունը, քանի որ ինքնին պարզ է, որ սոցիալական գործընթացների մակերեսին դրսևորվող բացասական երևույթները չեն կարող իրենց էությանը համարժեք ձևով ըմբռնվել ու գնահատվել, եթե չկապվեն համակարգի խորքերում առկա այն բախման հետ, որից դրանք ածանցված են որպես հետևանքներ: Մարքսը ժամանակին այդ մեթոդաբանությամբ է առաջնորդվել, բացահայտելով, որ բուրժուական հեղափոխություններից մինչև XIX դարավերջն ընկած պատմաշրջանի հասարակարգային գլխավոր հակասությունը արտադրության հասարակական բնույթի և յուրացման մասնավոր կապիտալիստական բնույթի միջև հակասությունն է:
Մեր օրերում ավելի ու ավելի տեսանելի է դառնում, որ հետմոդեռնի դարաշրջանի գլխավոր հակամարտությունը տնտեսական մարդու (homo economicus) և քաղաքական մարդու (homo politicus) բախումն է: Գաղափարը գտնվում է հասունացման փուլում է: Ինքս դրան անդրադարձել ենք 2007 թվականին[2], հիմնավորելով այն միտքը, որ վայրի կապիտալիզմից դուրս գալու ոչ մի նախագիծ չի կարող հաջողության հավակնել առանց տնտեսական մարդու և քաղաքական մարդու կոնֆլիկտի անցավագին հանգուցալուծման:
Տնտեսական մարդու և քաղաքական մարդու (տնտեսական և քաղաքական իշխանությունների) հարաբերության դիտանկյունից պատմական ընթացքի քննության էվրիստիկական արժեքն այն է, որ այդտեղից երևում են նրա այնպիսի կողմերը, որոնք տեսանելի չեն այլ դիտակետերից: Բավական է ասել, որ այն տրամադրում է համաշխարհային պատմության պարբերացման՝ նախորդներից տարբեր հիմք:
Եթե Կ. Մարքսը, օրինակ, արտադրողական ուժերի ու արտադրական հարաբերությունների զարգացման հիմքով առանձնացնում էր հասարակության պատմական զարգացման հինգ ֆորմացիա, եթե Ու. Ռոստոուն արտադրության բնույթի փոփոխության հիմքով առանձնացնում էր պատմական զարգացման երեք (ագրարային, արդյունաբերական և հետարդյունաբերական) շրջափուլ, ապա իշխանության նկատմամբ տնտեսական մարդու և քաղաքական մարդու հարաբերության դիտակետից նույն այդ պատմության մեջ առանձնանում է երկու շրջափուլ: Առաջինը՝ պետությունների առաջացումից մինչև բուրժուական հեղափոխությունները, իսկ երկրորդը՝ այդ հեղափոխություններից մինչ մեր օրերն ընկած պատմաշրջանն է: Առաջինի համար բնութագրական է այն, որ տնտեսական մարդու սոցիալական ուժը, որն առարկայանում-ներկայանում էր նրան որպես մասնավոր սեփականություն պատկանող ստրուկների ու տարածքների տեսքով, ուղղակիորեն փոխարկվում էր քաղաքական իշխանության: Ամենամեծ ստրկատերն էր դառնում ստրկատիրական պետության գլուխը:
Նույնն էր իրավիճակը նաև ավատատիրության շրջանում, երբ ամենախոշոր հողատերն ու ճորտատերն էր զբաղեցնում թագավորական գահը[1]: Սոցիալական ուժի՝ անմիջականորեն քաղաքական ուժի փոխարկման այս երևույթը տևեց մինչև բուրժուական հեղափոխությունները, որոնք դարձան նոր տիպի քաղաքական ուժադաշտի ձևավորման մեկնակետ: Եղբայրության, ազատության ու հավասարության կարգախոսներով հաստատված հասարակարգն ի վերջո ընդունեց քաղաքական հավասարության՝ մինչ օրս պառլամենտական ժողովրդավարության գլխավոր ձեռքբերումը համարվող «մեկ ընտրող - մեկ քվե» բանաձևը: Հենց սկզբից ակնհայտ էր, որ հեղափոխական վերելքի պայմաններում ընդունված՝ մարդկանց քաղաքական հավասարության այդ բանաձևը ցանկալի չէր տնտեսական մարդու համար:
Ի տարբերություն նախորդ ժամանակների՝ նրա սոցիալական ուժը այժմ միայն «ընտրությունների մաղով» անցնելով կարող էր փոխարկվել իշխանության: Շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի բացահայտվի հեղափոխությունների կողմից հռչակված ազատության (որն այս դեպքում ըմբռնվում էր որպես շուկայական մրցակցության ազատություն) ու «մեկ ընտրող - մեկ քվե» բանաձևով ներկայացվող քաղաքական հավասարության սկզբունքի ներքին գոյաբանական հակասությունը: Ակնհայտ դարձավ հակասությունը մի կողմից՝ հասարակության հավաքական շահի (որի կրողը համընդհանուր ընտրական համակարգով իշխանության եկած քաղաքական մարդն է), մյուս կողմից՝ իր հզորությանը համարժեք իշխանության հավակնող տնտեսական մարդու շահի միջև:
Ընտրազանգվածի մեջ փոքրամասնություն կազմող տնտեսական մարդն ի սկզբանե պառլամենտական ժողովրդավարության «մեկ ընտրող - մեկ քվե» բանաձևը իրատեսորեն ընկալել է որպես պոտենցիալ խոչընդոտ իր սոցիալական ուժն իշխանության փոխարկելու ճանապարհին[2]: Ահա թե ինչու նա ազատ ձեռներեցության ոլորտը քաղաքական մարդու կամայականություններից պաշտպանելու համար զուտ գործնական բնույթի քայլերից բացի շրջանառության մեջ դրեց հանրության լայն շրջանակների համար ընկալելի գաղափարներ, որոնք հետագայում թևավոր խոսքի տեսքով լայն տարածում են գտել Եվրոպայում, իսկ հետագայում նաև ծավալել-բացորոշել են որպես քաղաքատնտեսական տեսության հիմնատարրեր: Խոսքը, այսպես կոչված, մաքուր կապիտալիզմի տեսության մասին է, որի առանցքային գաղափարը հայտնի է “Laissez-faire” (ֆրանսերեն ուղղակի նշանակում է «թույլ տվեք անել», ասել է թե՝ «Թույլ տվեք աշխատել») տարածված աֆորիզմի ձևով:
Տնտեսական այդ դոկտրինի իմաստը հանգում է նրան, որ մասնավոր ձեռներեցությունը պետք է ազատ լինի պետության միջամտությունից (ծայրահեղ դեպքում այդ միջամտությունը պետք է հասցվի նվազագույնի): Դա, ըստ էության, տնտեսական մարդու և քաղաքական մարդու հարաբերության մոդել էր, որը մայրցամաքային Եվրոպայում քարոզվում էր տնտեսական մարդու կողմից՝ միապետական քաղաքական կարգի լծից ազատվելու համար: “Laissez-faire” սկզբունքի վրա հիմնված դոկտրինը պետության դերակատարությունը ներկայացնում էր գիշերային պահակ այլաբանությամբ՝ այդ «պահակին» վերապահելով միայն մասնավոր սեփականության պաշտպանության և շուկայի ազատության վերահսկման պարտականությունը[3]:
Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո, երբ տնտեսական մարդը հայտնվեց իշխանության մեջ, նա այլևս նախկին եռանդով չէր հետապնդում “Laissez-faire” սկզբունքի իրագործումը: Նրա հոգսը պառլամենտական ժողովրդավարությամբ ընդունված «մեկ ընտրող - մեկ քվե» սկզբունքն էր, որի հետ կապված ննդիրները 19-րդ դարի կեսերից սկսած ավելի բարդ բնույթ ընդունեցին՝ քաղաքական կյանքի կուսակցականացման պայմաններում: 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի կեսը՝ շուրջ 100 տարվա ընթացքում, տնտեսական մարդուն հաջողվեց կիրառել սոցիալական ու քաղաքական տեխնոլոգիաներ[4], որոնք թույլ տվեցին նրան քայլ առ քայլ գրավել քաղաքական իշխանությունը[5]: Կային դրան նպաստող օբյեկտիվ գործընթացներ:
Դա հասարակության խորացող սոցիալական հատվածայնացումը և «դասական բանվոր դասակարգի» տարրալուծումն էր սոցիալական այլ հանրույթներում, որի հետևանքով կուսակցությունները կորցրին իրենց «դասակարգային ծագումնաբանությունը» և սկսեցին ազգին (մեծ հանրությանը) ներկայանալ նրա առջև ծառացած մարտահրավերների, երկրի համար կենսականորեն նշանակալից խնդիրների իրենց ըմբռնման դիրքերից[6]: Որոշակիությունից ու հստակությունից զուրկ քաղաքական բազմաձայնության պայմաններում տնտեսական մարդուն հաջողվեց հանրային գիտակցության մեջ ներդնել գաղափարախոսական բնույթի այն գլխավոր դրույթը, որ տնտեսական մարդու շահը համընկնում, նույնանում է մեծ հանրության (ազգի, պետության) շահի հետ[7], որը և արևմտյան քաղաքակրթական չափանիշներով ընդունելի դարձրեց նրա կողմից քաղաքական իշխանության գրավումը: Այսօր քաղաքական իշխանության բուրգի գագաթին հայտնված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «գործարարի աշխատանքային կոստյումի» վրա քաղաքական մարդու կոստյում հագած տնտեսական մարդու խորհրդանիշն է:
Արևմտյան տնտեսակարգային մոդելը քաղաքական իշխանության է բերել տնտեսական մարդուն, որը ժողովրդավարության տարբեր ցուցանակների տակ տիրում է նաև քաղաքական իշխանության մենաշնորհին[8]: Դրանից են ածանցված արևմտյան հասարակության բոլոր ներքին հիվանդությունները:
Տնտեսակարգի արևմտյան մոդելը միակը չէ աշխարհում: Նրան ձեռնոց է նետել չինական կամ, այսպես կոչված, արևելյան մոդելը, որում մասնավոր սեփականությունն իշխանության աղբյուր չէ: Այստեղ իշխանության մենաշնորհի տերը քաղաքական մարդն է, որի վերահսկողության տակ սոսկ որոշակի սահմաններում է արտոնված մասնավոր ձեռնարկատիրությունը: Ի տարբերություն Արևմուտքի, որտեղ մասնավոր սեփականությունն անձեռնմխելի է, արևելյան մոդելում քաղաքական մարդն այն ցանկացած պահի կարող է օտարել մասնավորից:
Երկու տնտեսակարգերի պատմական մրցակցության ելքն այսօր հայտնի չէ: Արևելյան մոդելում տնտեսության զարգացման աննախադեպ բարձր տեմպերը Չինաստանը դարձնել են աշխարհի թիվ մեկ տնտեսությունն ունեցող երկիրը: Սակայն սա չի նշանակում, թե այստեղ կենսագործվել են սոցիալական արդարության ու հավասարության հռչակված իդեալները: Քաղաքական իշխանության մենաշնորհն այստեղ ևս վերածվել է անարդարություն, անհավասարություն և կոռուպցիա ծնող մեքենայի: Պաշտոնական տվյալներով՝ ամեն տարի Չինաստանում ավելի քան հազար մարդ է գնդակահարվում կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ ի ցույց դնելով, որ ոչ միայն արևմտյան, այլև արևելյան տնտեսակարգային մոդելում սոցիալական չարիքների արմատը քաղաքական իշխանության մենաշնորհն է:
Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում մեր օրերում ծավալվող գործընթացները նույնպես իրենց իրական բնույթին համարժեք իմաստավորում կարող են ստանալ միայն դարաշրջանի հիմնական հակասության՝ տնտեսական մարդու և քաղաքական մարդու հակամարտության վերլուծության համատեքստում: Հակառակ դեպքում դրանք կներկայանան բացատրություն չստացող և ուրեմն չըմբռնված սոցիալական քաոտիկ իրարանցումների տեսքով, որոնցում քաղաքական ուղեգծի փոփոխության փոխարեն որպես իրադարձություն կդիտվի իշխանության անցումը մի քաղաքական ուժից (կամ խմբավորումից) մյուսին: Քաղաքական գործընթացների հետխորհրդային պատմությունը փաստում է, որ 1991 թ. Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության էր եկել քաղաքական մարդը[9]:
Բայց խորհրդային սոցիալիզմի դեստրուկտիվ մերժումով կողոպուտային սեփականաշնորհման ուղին բռնած երկրում նա շուտով դարձավ ազգային հարստության սեփականատերը և դադարեց զուտ քաղաքական մարդ լինելուց: Եթե Արևմուտքում քաղաքական ու տնտեսական իշխանությունների սերտաճումն ու իշխանության գրավումը տնտեսական մարդն իրագործեց և օրինականացրեց շուրջ երկու հարյուր տարվա ընթացքում, ապա մեզանում դա տեղի ունեցավ «մի գիշերվա մեջ»[10] և արևմտյանին հակառակ ընթացքով:
Մեզ մոտ քաղաքական մարդն իր կոստյումի տակ հագավ տնտեսական մարդու կոստյումը: 2018 թ. թավշյա իշխանափոխությամբ քաղաքական մարդը ռևանշ վերցրեց: Սակայն դեստրուկտիվ մերժման «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով իշխանության եկած նոր քաղաքական մարդը տնտեսական մարդու հետ իրհարաբերությունների կարգավորման հայեցակարգ չուներ և ցայժմ չունի: Նախորդ քաղաքական գծի մերժումն ընդունել է նախորդների (անձերի) մերժման բնույթ:
Իր հերթին տնտեսական մարդը ոչ առանց հիմքերի վախ ունի պետության ու ազգի անունից գործող քաղաքական մարդու կողմից իշխանափոխությունը սեփականության վերաբաշխման հանգեցնելու հեռանկարից և կգործադրի կոշտ ու փափուկ բոլոր միջոցները՝ նորից քաղաքական իշխանությանը տիրանալու համար: Եվ կտիրանա, ինչպես ցույց է տալիս արևմտյան փորձը: Դա կարող է տեղի ունենալ նաև քաղաքական մարդու դանդաղ կամ արագ վերաասերմամբ, որը իր կոստյումի տակ կհագնի գործարարի կոստյումը՝ ինչպես մեզ մոտ արդեն մեկ անգամ եղել է: Արդյունքում մենք ուղղակի կունենանք օլիգարխների նոր ցուցակ: Վտանգն այն է, որ դա կարող է ուղեկցվել սոցիալական նոր ցնցումներով ու վերաճել քաոսի: Պահանջվում են այս երկու ուժերի հարաբերության կարգավորման նոր լուծումներ:
Արևմտյան և արևելյան մոդելները չեն լուծում հարցը, քանի որ երկու դեպքում էլ առկա է քաղաքական իշխանության քողարկված կամ բացահայտ մենաշնորհ, որը ստեղծում է համակարգային կոռուպցիայի միջավայր: Բնական է, որ ո՜չ առաջին, ո՜չ էլ երկրորդ մոդելում տնտեսական ու քաղաքական իշխանությունների բաժանման, հասարակության զարգացման գործընթացներում նրանց գործառույթների հստակեցման ու ներդաշնակեցման հարցերը տեղ չունեն որևէ օրակարգում:
Իրավիճակը, որ մեզանում ձևավորվել է մեկը մյուսին հաջորդած իշխանափոխությունների հետևանքով, հնարավոր է դարձնում դարաշրջանի այս գորդյան հանգույցի քանդումը: մեկ սերնդի կյանքի ընթացքում իշխանությնը մեկից մյուսին անցելու շրջադարձերը, այդ սերնդի աչքի առաջ տեղի ունեցած քաղաքական մարդու վերասերումը և դժգոհության զանգվածային շարժման ճնշման տակ թավշյա ընթացքով իշխանությունից հեռանալը, նորից կառավարման ղեկին հայտնված քաղաքական մարդու տեսական անճարակությունը տնտեսական մարդու հետ իր հարաբերությունների կարգավորման հարցում ակնառու են դարձրել գործընթացների գոյաբանական խորքում տեղակայված և «խաղաղ տարիներին» սովորաբար դժվար դիտարկելի հակասությունը, որը ձևակերպված է սույն հոդվածի վերնագրում: Այդ հակասությունից են ածանցված գործընթացների մակերիսին բոլորին տեսանելի երևույթները: Եթե խնդիրը ձևակերպված է, նրա լուծումը ավելի հեշտ է գտնել:
Մենք այն տեսնում ենք տնտեսական մարդու և քաղաքական մարդու միջև այնպիսի հարաբերության հաստատման մեջ, որը կբացառի իշխանության ողջ փաթեթի՝ մեկի կամ մյուսի ձեռքում կենտրոնացումը: Դա իշխանությունների դասական բաժանումից տարբերվող սկզբունք է: Եթե Շ. Մոնտեսքյոյի կողմից առաջադրված իշխանությունների դասական բաժանման սկզբունքը ըստ էության հասարակության՝ որպես ամբողջական համակարգի կառավարման գործառույթների բաժանման սկզբունք է, որը, ինչպես ցույց տվեց վերջին երկուսուկես հարյուրամյակի փորձը, չի բացառում իշխանության ողջ փաթեթի՝ քաղաքական կամ տնտեսական մարդու ձեռքում կենտրոնանալու հնարավորությունը, ապա ստորև ներկայացվող նախագիծը, չմերժելով իշխանությունների դասական բաժանման կարևորությունը, հավակնում է այն լրացնելու, եթե փոքր-ինչ ազատ արտահայտվենք, հասարակական կյանքի տարածքների՝ տնտեսական ու քաղաքական տիրույթների բաժանումով: Դա միաժամանակ և՛ սոցիալ-տնտեսական, և՛ քաղաքական վերափոխությունների միտված գաղափար է, որի գործնական իրականացումը ենթադրում է այդ նպատակով համապատասխան հաստատության հիմնում, որը մենք պայմանականորեն կանվանենք Տնտեսական խորհրդարան (ՏԽ): ՏԽ-ի միջոցով քաղաքական մարդու և տնտեսական մարդու նոր հարաբերությունների հաստատութենականացման հակիրճ նկարագրությունը հանգում է հետևյալին:
Տնտեսության մասնավոր հատվածի փաթեթը հանձնվում է մասնավորին, որն այդ ոլորտի կառավարման համար հիմնում է Տնտեսական խորհրդարան (ՏԽ): ՏԽ-ն շահույթ չհետապնդող կառույց է և գործում է իր կողմից[11] ընդունված՝ ներքին օրենքի ուժ ունեցող Կանոնակարգով, որով սահմանվում են ՏԽ անդամների իրավունքներն ու պարտականությունները, ազատ ու բարեխիղճ մրցակցությանն ու մենաշնորհների կանխմանն ուղղված կանոնները:
ՏԽ-ի՝ որպես շահույթ չհետապնդող կառավարման մարմնի ծախսերը հոգում են ՏԽ անդամները՝ փոքր, միջին և խոշոր բիզնեսների համար տարբերակված անդամավճարներով: ՏԽ-ն հիմնվում է որպես եռապալատ հաստատություն՝ խոշոր, միջին և փոքր բիզնեսների պալատներով: ՏԽ անդամները չեն ընտրվում: Տնտեսվարող 11 Դա կարող է լինել գործարարների կամ նրանց կողմից լիազորված մասնագետների համագումարը:
սուբյեկտի կարգավիճակն արդեն իսկ ապահովում է գործարարի մանդատը ՏԽ-ում: ՏԽ անդամ կարող է լինել նաև օտարերկրյա գործարարը: Գործարարի (կամ գործարարների խմբի) շահերը ՏԽ-ում կարող է ներկայացնել ինքը կամ իր (իրենց) կողմից լիազորված անձը (անձերը):
ՏԽ տարբեր պալատների անդամներից, Կառավարության և ՀԿ ներ կայացուցիչներից ձևավորվում է Վերահսկողության (Աուդիտի) մարմին, որի գործառույթը եկամուտները թաքցնելու դեպքերի բացահայտումն ու կանխումն է:
ՏԽ-ն իրավունք ունի ԱԺ-ին ներկայացվող հարցապնդումներով հետևելու, թե ինչպես է Կառավարությունը տնտեսության պետական հատվածում կամ պետական կառավարման ապարատի պահպանման համար ծախսում մասնավոր հատվածից պետբյուջե կատարված մուտքերը: Եթե Կառավարության կողմից կատարվող ծախսերի վերաբերյալ ՏԽ-ն չի ստանում իր կասկածները փարատող հիմնավորումներ, նա իրավունք ունի պահանջելու իր մասնագետների մասնակցությամբ հետաքննություն:
ՏԽ-ում չի գործում «մեկ գործարար - մեկ քվե» սկզբունքը: ՏԽ անդամներն իրենց ձեռք բերած բալերի տեսքով ներկայացվող տարբեր կշռի (արժեքի) ձայն ունեն: Ձայնի բալային արժեքը որոշվում է պետբյուջե մուծված հարկերով, սոցիալական հատկացումներով, պատրաստի արտադրանքի արտահանման ծավալներով, նորարական ծրագրերում արված ներդրումներով (ԱԺ-ն և Կառավարությունը կարող են սահմանել նաև այլ, այդ թվում՝ նաև ոլորտային չափանիշներ):
Կառավարությունն իր կողմից մշակված և ԱԺ-ի կողմից հաստատված տնտեսական զարգացման ռազմավարությամբ նախատեսված գերակայությունների ու առաջնահերթությունների հիման վրա հայտարարում է տնտեսական նախագծերի մրցույթ՝ սահմանելով նախագծի իրականացման վերջնարդյունքներին վերաբերող պահանջներ:
Կառավարության կողմից հայտարարված տնտեսական ծրագրերի մրցույթն անցկացվում է ՏԽ-ում, հաղթողին որոշում է ՏԽ-ում ձևավորված մրցութային հանձնաժողովը, որը նախագծին ներկայացվող պահանջների հարցով կարող է բանակցել Կառավարության հետ, եթե գտնում է, որ այդ պահանջներն ավելի հստակ ձևակերպման կարիք ունեն: Կառավարության և ՀԿ ներկայացուցիչները մրցույթին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով՝ վերահսկելու համար մրցույթի ընթացքի համապատասխանությունը դրա համար օրենքով սահմանված պայմաններին ու պահանջներին:
Նախագիծը շահած գործարարը և ՏԽ-ն համատեղ պատասխանատվություն են կրում ծրագրի ձախողման կամ ժամկետների խախտման համար՝ սահմանված տուգանքներ մուծելով պետբյուջե: ՏԽ-ն կարող է ձևավորել պահուստային ֆոնդեր՝ փոխհատուցման որոշակի պայմաններով այն ծրագրերին աջակցելու համար, որոնց իրագործումը ծրագիրը շահած գործարարի կամքից անկախ պատճառներով վտանգված է:
Մրցույթում այլ չափանիշներով հավասար միավորներ ունեցող մրցակիցների մեջ նախապատվությունը տրվում է այն գործարարին (կամ գործարարների խումբին), որն ավելի շատ բալերով է մասնակցում մրցույթին: Նման դեպքերում ՏԽ-ն կարող է նաև բանակցել գործարարների հետ՝ տնտեսական նախագիծը համատեղ իրագործելու իր առաջարկի շուրջ նրանց համաձայնությունը ստանալու համար:
Մրցույթի ընթացքում թույլատրվում են ՏԽ տարբեր պալատների գործարարների միավորումներ՝ պայմանով, որ վերին պալատների անդամներին թույլ տրվի գործընկեր ընտրել ստորին պալատների անդամներից, բայց արգելվում է մասնակցել ստորին պալատի անդամների համար հայտարարված ծրագրերի մրցույթին:
Խոշոր ներդրումներ պահանջող ծրագրերը ՏԽ-ն և Կառավարությունը կարող են իրագործել համատեղ՝ փոխադարձ համաձայնությամբ սահմանված ներդրումային չափաբաժիններով: Արտաքին տնտեսական կապերի հաստատման և շուկաների որոնման հարցերում ՏԽ-ն և Կառավարությունը գործում են համատեղ:
ՏԽ-ն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք և կարող է ոչ միայն մասնակցել Կառավարության կողմից հայտարարված տնտեսական ծրագրերի մրցույթին, այլև Կառավարությանը ներկայացնել իր կողմից հիմնավորված տնտեսական նախագծեր:
Ազգային ժողովը՝ որպես քաղաքական իշխանության օրենսդիր մարմին, ընդունում է օրենք ՏԽ-ի մասին, որը սահմանում է ՏԽ ինքնավարության ծավալը: ԱԺ-ն ձևավորում է իրեն հաշվետու Կառավարություն, որը մշակում և ԱԺ հաստատմանն է ներկայացնում տնտեսական զարգացման գերակայությունների մասին հայեցակարգ, պետական հատվածի տնտեական ծրագրերի նախագծեր, հայտարարում բարձր բալեր և արտոնություններ տրամադրող գիտատեխնիկական ծրագրեր, ընդունում և իրագործում որոշումներ փոքր և միջին բիզնեսին տրամադրվող արտոնությունների մասին:
Տնտեսական մարդու՝ որպես գործատուի և վարձու աշխատողների հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենքներով և աշխատանքային կոլեկտիվների ու ձեռնարկատիրոջ միջև կնքվող պայմանագրերով:
Քաղաքական իշխանությունը գործող ՏԽ գործունեությանը միջամտում է այն դեպքերում, եթե ՏԽ-ում ծագում են ներքին անհաղթահարելի հարցեր և ազգային կամ էկոլոգիական անվտանգության խնդիրներ:
Այսպիսով, ազգային (պետական) շահը ներկայացնող քաղաքական մարդը սահմանում է տնտեսության զարգացման ռազմավարությունը, նրա գերակայություններն ու ընդհանուր ուղղությունը՝ դրանց գործնական իրագործման դաշտը թողնելով տնտեսական մարդուն, որը գործում է երկրի Սահմանադրությանը և օրենսդրությանը չհակասող ՏԽ Կանոնակարգի համաձայն:
Հակիրճ նկարագրությամբ վերը ներկայացված Տնտեսական խորհրդարանի գաղափարի գործնական թիրախը տնտեսական ու քաղաքական իշխանությունների այնպիսի բաժանումն է, որն անիմաստ է դարձնում քաղաքական իշխանությունը զավթելու՝ տնտեսական մարդու ձգտումը: Անիմաստ են դառնում քաղաքական իշխանություն մտնելու, այնտեղ «իր մարդուն տեղավորելու», քաղաքական իշխանությունն իր գործունեության համար տանիք դարձնելու՝ տնտեսական մարդու շարժառիթները: Վերանում է ԱԺ մտնելու համար ընտրողներին կաշառք տալու անբարո պրակտիկան, քանի որ տնտեսական մարդն ինքն է դառնում իր ընտրողը ՏԽ-ում: ՏԽ-ն ոչ միայն պաշտպանում է գործարարին իր հանդեպ քաղաքական մարդու հնարավոր կամայականությունից, այլև նրան թույլ է տալիս հետևել, թե ինչպես են ծախսվում մասնավոր հատվածից պետբյուջե կատարված մուտքերը:
Տնտեսական խորհրդարանի հայեցակարգի հիմքում ընկած տնտեսական ու քաղաքական իշխանությունների բաժանման գաղափարը բնավ “Laissez-faire”-ի՝ մաքուր կապիտալիզմի սկզբունք չէ: Այն չի կտրում հասարակական կյանքի տնտեսական ոլորտը քաղաքական մարդուց և չի նվազեցնում նրա կառուցողական գործառույթները: Քաղաքական մարդը սոսկ գիշերային պահակ չէ տնտեսության զարգացման հարցերում: Նա այս նախագծով դառնում է երկրի սոցիալ-քաղաքական ու տնտեսական զարգացման և արտաքին քաղաքականության ճարտարապետը: Նա տնտեսական մարդուն հակակշռում և տնտեսական առաջընթացին աջակցում է ոչ միայն երկրի տնտեսական զարգացման ճիշտ ռազմավարության մշակման և տնտեսության պետական հատ վածի կառավարման իր իրավունքով ու պատասխանատվությամբ, այլև տնտեսական մարդու եկամուտների վերահսկողության՝ օրենքով ամրագրված իր լիազորություններով: Քաղաքական իշխանությունն ազատվում է տնտեսական մարդու կողմից գրավվելու վտանգից:
Տնտեսական ու քաղաքական իշխանությունների բաժանումը բնավ չի նշանակում պետության միասնականության թուլացում: Ընդհակառակը, հակակշռելով միմյանց, քաղաքական մարդը և տնտեսական մարդը հասարակական օրգանիզմում դառնում են համակարգի դինամիկ հավասարակշռության և կայունության բաղադրիչներ՝ փոխադարձաբար զսպելով (կանխելով) իրավունքի ու օրինականության դաշտից դուրս գալու՝ գործընկերոջ փորձերը:
Իրավաքաղաքական մանրամասն հիմնավորումներով ՏԽ հայեցակարգի մշակման համար անհաղթահարելի արգելքներ չկան: Բուն գաղափարի և հայեցակարգի վերը շարադրված դրույթների հանրային քննարկումը կարող է փորձագիտական-աշխատանքային խմբին ավարտուն նախագիծ ներկայացնելու բավարար հիմքեր տալ:
[1] Ինչ-որ զորավար կամ պալատական հողաշրջմանը մասնակից ինչ-որ ավելի համեստ սեփականության տեր ստրկատեր կամ ճորտատեր կարող էր դառնալ պետության գլուխ, սակայն նման փաստերը չեն արժեզրում առաջարկվող դրույթն այն մասին, որ երկու հասարակարգերում էլ սոցիալական ուժը քաղաքական ուժի էր փոխարկվում ուղղակի ձևով: [2] Քաղաքական հավասարության գաղափարի տեսակետից կասկածներ չհարուցող «մեկ ընտրող՝ մեկ քվե» սկզբունքը տնտեսական մարդուն խորհրդարանում կթողներ քաղաքական փոքրամասնության մեջ, եթե քաղաքական իշխանությունը բաժանվեր հանրույթների զանգվածներին համապատասխան մասերի: Այդ հարցը ֆրանսիական հեղափոխությունից ավելի քան մեկ դար առաջ Անգիլիայում եղել է կատաղի առճակատման առարկա հավասարարների ու անկախականների միջև: Վերջիններս 1647 թ. Փաթնիում կայացած զինվորական խորհրդաժողովում մերժեցին ազատությունների ու ազատականության արմատական գաղափարներին հետամուտ հավասարարների առաջարկությունը համընդհանուր ընտրական իրավունքի սահմանման ու ունեցվածքային ցենզի վերացման մասին, զգուշանալով, որ սեփականազուրկ զանգվածից պառլամենտում հայտնված պատգամավորները կարող են ընդունել մասնավոր սեփականատերերի դեմ օրենքներ: [3] Գրականության մեջ արտահայտությունը առաջին անգամ հանդիպում է 1736 թ. Լյուդովիկ XV-ի ժամանակներում Ֆրանսիայի արտգործնախարար մարկիզ Ռենե դը Արժանսոնի հուշագրություններում («Mémoires et journal inédit du Marquis d’Argenson», Париж, 1858, т. V). Այնուհետև այն հանրային հնչեղություն է ստացել ֆիզիոկրատ-տնտեսագետների 1758 թ. համաժողովում տնտեսագետ և առևտրական Վենսենա դե Գուրնեյի ելույթում: [4] Օրինակ, լոբինգի ինստիտւտի օրինականցումը և իշխանության մեջ գտնվող քաղաքական մարդկանց կաշառումը, սեփական կուսակցությունների ստեղծումը, քաղաքական իշխանության մեջ «իր մարդկանց» տեղավորումը, հասարակագիտական այնպիսի հաստատություններիհիմնումը, որոնց գլխավոր խնդիրը սոցիալիզմի գաղափարի վարկաբեկումը և մանավոր ձեռնարկատիրությունը որպես ժողովրդավարության միակ պատվար ներկայացնելն է: Այդպիսի գործունեություն ծավալելու համար տնտեսական մարդը միջոցների պակաս չուներ: [5] Արևմուտքի երկրների քաղաքական պրակտիկան արդեն XIX-XX դարերի սահամանգլխին բյուրեղացրեց քաղաքական տարբեր գաղափարախոսությունների հանդեպ տնտեսական մարդու վերաբերմունքը՝ նրա համար ընդունելի է ցանկացած գաղափարախոսություն, որն ազգին հասցեգրված սոցիալական նախագծերում չի դնում մասնավոր սեփականության և ազատ շուկայական տնտեսության վերացման խնդիր կամ որը որդեգրում է կապիտալիզմի աստիճանական վերափոխման մարտավարություն: XX դարի վերջերին պարզվեց, որ եվրոպական սոցիալ-դեմոկրատիան բռնեց կապիտալիզմի աստիճանական բարեփոխման ուղին և անվտանգ ու լրիվ ընդունելի դարձավ տնտեսական մարդու համար: [6] XX դարի 90-ականներին եվրոպական սոցիալ-դեմոկրատիան ավարտեց դանդաղ, բայց անշեղ կերպով դեպի աջ ընթացող հարյուրամյա իր դրեյֆը և տեղավորվեց Մեծ Բրտանիայի վարչապետ նեոլեյբորիստ Թոնի Բլերի թեթև ձեռքով Երրորդ ուղի անունն ստացած հանգրվանում: Գերմանիայի սոցիալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Էրհարդ Շրյոդերը նախընտրում էր օգտագործել Նոր մեջտեղ/ Նոր կենտրոն անվանումը: Բնական է՝ խնդիրը ոչ թե անվանման, այլ սոցիալ-դեմոկրատիայի քաղաքական հայեցակարգի այն փոխակերպման մեջ է, որ առաջադրել են Բլերն ու Շրյոդերը 1999-ին հրապարակած «Եվրոպա. Երրորդ ուղի – Նոր մեջտեղ» («Europe: The Third Way — die Neue Mitte») մանիֆեստում, որում սոցիալ-դեմոկրատիան ի վեջո փոխակերպվեց սոցիալ-լիբերալիզմի և սոցիալիզմի գաղափարը սկզբունքորեն հանեց գաղափարախոսական ու քաղաքական օրակարգից: Մանիֆեստը տնտեսական առաջընթացը տեսնում է շուկայական ազատականության կատարելագործման, ծագող հարցերի հաղթահարման, կապիտալիզմի վերափոխման նախագծերի պերմանենտ վերաքննության մեջ: [7] ԱՄՆ-ում տարածված է ազգային շահի հետ տնտեսական մարդու շահի համընկման մասին թևավոր խոսք, որ պատկանում է «Ջեներալ մոտորս» կորպորացիայի նախագահ Չարզ Վիլսոնին: 1953 թ. հունվարի 15-ին, երբ Սենատում քննարկվում էր պաշտպանության նախարարի պաշտոնում իր թեկնածության հարցը, իրեն ուղղված «Ու՞մ շահերն են ավելի կարևոր լինելու ապագա նախարարի համար՝ երկրի՞, թե իր ֆիրմայի» հարցին Չարզ Վիլսոնը պատասխանել է «Ես միշտ համարել եմ, որ այն, ինչ լավ է երկրի համար, լավ է «Ջեներալ մոտորս»-ի համար և հակառակը»: [8] Բնական է, որ քաղաքական իշխանությունը գրաված տնտեսական մարդու համար տնտեսական ու քաղաքական իշխանությունների բաժանման խնդիրը օրակարգային լինել չի կարող: Նրա չի ուզենա բաժանաել իր ձռքում գտնվող իշխանությունների ամբողջական փաթեթը: [9]1990 թ. հուլիսի 20-ին իր աշխատանքներն սկսած ՀՀ Գերագույն խորհրդում տնտեսական մարդը ներկայացված էր ընդմենը մի քանի տեղով: Խորհրդարանում պատգամավորներ էին ընդգրկված երկու քաղաքական ուժերից՝ ՀՀ Կոմկուսից և ՀՀՇ-ից: 1995 թ. առաջին գումարման ՀՀ Ազգային ժողովում սնտեսական մարդու կշիռն արդեն նկատելի էր: Դրան հաջորդած ընտրություններում հակառակ ԱԺ պատգամավոր ընտրվելու սահմանադրական արգելքին ՀՀ օրենսդիր մարմնում անշեղորեն աճել է խոշոր ձեռներեցների ներկայությունը, որոնք հեշտությամբ շրջանցում էին այդ արգելքը՝ սեփականությունը հավատարմագրային կառավարման հանձնելով մերձավորի կամ վստահելի որևէ մեկի: [10] Սա այլաբանություն է՝ ընդգծելու համար գործընթացի, այսպես ասած, կայծակնային բնույթը: [11] Դա կարող է լինել գործարարների կամ նրանց կողմից լիազրված մասնագետների համագումարը:
Comments