ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու, մանկավարժության դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը [1], որ ընդունվել է 2000թ. դեկտեմբերին, կարգավորում է գիտական և գիտատեխնիկական գործունեության սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև գիտական արդյունքներն օգտագործողների հարաբերությունները, սահմանում է գիտության և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման սկզբունքները: Այն սահմանում է, որ գիտությունը, որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն է: Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունների թվում սահմանված է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեությունը ձեռք բերած գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեություն է:
Ընդ որում հիմնարար գիտական հետազոտությունները բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն է, իսկ կիրառական գիտական հետազոտությունները` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված հետազոտություններ: Գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականությունը պետության քաղաքականության բաղկացուցիչ մասն է, որն արտահայտում է պետության վերաբերմունքը գիտական ու գիտատեխնիկական գործունեության նկատմամբ, որոշում այդ բնագավառում պետական մարմինների գործունեության հիմնական նպատակները, սկզբունքները, ուղղությունները և եղանակները: Գիտական արդյունքը նոր գիտելիքներ կամ լուծումներ բովանդակող ու տեղեկատվության ցանկացած կրիչի վրա գրանցված գիտական գործունեության արդյունքն է, որը կարող է ներդրվել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Գիտնականը սահմանվում է որպես գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտ, որն զգալի ներդրում ունի գիտության մեջ, իսկ գիտական կազմակերպությունը, անկախ իր կազմակերպական-իրավական ձևից, հիմնականում իրականացնում է գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն, զբաղվում է գիտական կադրերի պատրաստմամբ:
Comments