top of page
Writer's pictureAtom Mkhitaryan

ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ

ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու, մանկավարժության դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն


Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել դոկտորանտի մասնագիտական և փոխանցելի հմտությունների կարևորությունը, խթանել դոկտորանտուրայի արդյունավետ կառավարման ու ազդեցության վերաբերյալ քննարկումները` երրորդ մակարդակի բարձրագույն կրթության քաղաքականության և գործընթացների բարեփոխումների համատեքստում:


Մասնագիտական հմտությունների ուսուցումը դոկտորանտուրայում որոշակի քննարկումների տեղիք է տալիս՝ կապված բարձրագույն մասնագիտական կրթության նախորդ մակարդակներում արդեն իսկ շրջանավարտի հմտությունների առկայության հետ: Ենթադրվում է, որ կոնկրետ մասնագիտությամբ դիմորդ-մագիստրոսը պետք է որ արդեն տիրապետի հմտությունների այնպիսի գործիքակազմի, որը ամբողջովին կիրառելի կլինի դոկտորանտուրայում և կբավարարի հետազոտող շրջանավարտի մասնագիտական ունակությունների լիարժեք իրացմանը:


Դոկտորանտուրայի շրջանավարտը համարժեք մասնագիտական հմտություններ պետք է ցուցաբերի գիտական, կրթական, կառավարչական, նորարարությունների ընդհանրացման ոլորտներում և հետևաբար պետք է տիրապետի այնպիսի հմտությունների, որոնք փոխանցելի կլինեն գիտությունից դեպի մանկավարժություն կամ մանկավարժությունից դեպի առաջնորդություն:


Այս է պատճառը, որ դոկտորանտուրայում առավելապես ուսուցանվում են փոխանցելի, քան մասնագիտական հմտություններ: Այսօր մրցակցային են համարվում այն կրթական ծրագրերը, որոնց վերջնարդյունքներով ձևավորվում են ոչ միայն ՛՛գիտակ՛՛, այլև ՛ստեղծարար հմտություններով՛՛ շրջանավարտներ:


Այս առումով մասնագիտական կրթական ծրագրերում ներկայումս մեծ ուշադրություն պետք է դարձվի ուսանողի ոչ թե ձևական, այլ արդյունավետ անհատական աշխատանքի վերջնարդյունքներին՝ նպատակ ունենալով սովորողի մոտ զարգացնելու ստեղծարարությունը, նորարարությունը և ինքնադրսևորումը, որը Բոլոնիայի ներկայիս գործընթացի պահանջներից մեկն է:


Ներկայումս համալսարանների առջև խնդիր է դրվում վերանայելու կրթական ծառայությունների մատուցման ուղղությունները այնպես, որ ամրապնդվի ՛՛գործատուբուհ՛՛ կամուրջը, հաշվի առնվեն աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխությունները:


Կարևորվում է ապագա գործատուի ներգրավումը դոկտորանտուրայի կառավարման և կարիերայի զարգացման գործընթացներում:


Դոկտորը աշխատանքային միջավայրում պետք է ցուցաբերի առաջնորդի հմտություններ՝ ուղղորդելով աշխատողների մեծ կամ փոքր խմբերի թիմային գործունեությունը՝ արդյունավետ կերպով նախանշված արդյունքներին հասնելու համար:


Եթե ավանդական կառավարիչը այդ գործընթացը կուղղորդեր նախօրոք սահմանված չափանիշներով և նորմերով, ապա դոկտորի աստիճան ունեցող առաջնորդը այստեղ ստեղծարար մոտեցումներ կցուցաբերեր՝ փորձելով վերափոխել և զարգացնել թիմային կառավարման գործընթացը, օգտվելով իր մասնագիտական բարձր որակներից:



Comments


Commenting has been turned off.
bottom of page