top of page
Writer's pictureAlexander Manasyan

ԻՆՉՈ՞Ւ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ (ԱՐՑԱԽԸ), ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Ղարաբաղյան հիմնախնդիրը կեղծ կարծրատիպերի ծուղակում 

Ներածություն

 Ղարաբաղյան հիմնախնդիրը կեղծ կարծրատիպերի ծուղակում 

Քաղաքական շրջանակներում լայնորեն տարածված է այն կարծիքը, թե Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) 1 միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին: Առանց խնդրի հիմքերին դիմելու հենց իբր ինքնին ակնհայտ այդ գաղափարով է առաջնորդվել ԵԱՀԿ-ն իր հովանու տակ Արցախի՝ շուրջ երեսուն տարի ընթացող բանակցություններում՝ փնտրելով խնդրի այնպիսի լուծում, որ չխախտվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ինչ-որ կերպ ապահովվի նրա սահմաններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բանակցությունների ընթացքում ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտի տառին ու ոգուն հակառակ, գերակա է դիտել պետությունների տարածքային ամբողջականությունը: Մենք չենք քննի այդ մոտեցման քաղաքական շարժառիթները: Մեր խնդիրն է ցույց տալ, որ իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղը չի պատկանում Ադրբեջանին, և որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի վերաբերում նրան: Միջազգայնորեն հայտնի փաստաթղթերում արձանագրված՝ լույսի պես պարզ այդ ճշմարտությունը և նրա իրավական հետևանքները տեսանելի չեն հանուրին, քանի որ դրանք փակված են մնացել հիմնախնդրի իրավական փաթեթում, որն այդպես էլ ԵԱՀԿ-ն չի բացել: Այդ փաթեթի ուսումնասիրությանը ձեռք զարկող ցանկացած հետազոտող պետք է մեկնարկի Ադրբեջանական Հանրապետություն հասկացության բացորոշու-

1 Լեռնային Ղարաբաղ և Արցախ, Անդրկովկաս և Հարավային Կովկաս աշխարհագրական տեղանունները պատմականորեն կայունացած հոմանիշներ են, և տեքստում մենք դրանք կօգտագործենք լեզվաոճական նկատառումներից ելնելով:

22

մից, քանի որ այդ «գլխարկի» տակ երեք տարբեր Ադրբեջան կա, և հաճախ պարզ չի լինում, թե Բաքուն որ մեկի անունից է խոսում: Դրանցից առաջինը՝ 1918-1920 թթ. Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը (ԱԴՀ) Անդրկովկասում ստեղծել է Օսմանյան կայսրությունը, որտեղ մինչ այդ չի եղել ո՛չ «Ադրբեջան» անունով պետություն, ո՛չ աշխարհագրական տեղանուն, ո՛չ էթնիկական համայնք: Թուրքական զորքերը 1918 թ. սեպտեմբերին մտել են Բաքու, տապալել տեղի օրինական իշխանությունները և հիմնել նոր թուրքական պետություն: ԼՂ-ն չի եղել ԱԴՀ-ի՝ ապօրինի այդ կազմավորման մաս: Այն 1920 թ. պատմությունը լքել է առանց ճանաչված կամ փաստացի հաստատված սահմանների: «Ադրբեջան» անունով երկրորդ կազմավորումը՝ 1920-1991 թթ. գոյատևած Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (Ադր. ԽՍՀ), իրողություն է դարձել 1920 թ. ապրիլի 28-ին: Այս անգամ արդեն Խորհրդային Ռուսաստանի զորքերն են մտել Բաքու, տապալել թուրքական զորքերի ստեղծած ԱԴՀ-ն և հիմնել Ադր. ԽՍՀ-ն2 : Ինչպես ԱԴՀ-ն, այնպես էլ Ադր.ԽՍՀ-ն չեն եղել օրինաբար, ասել թե՝ ինքնորոշման ակտով կայացած պետություններ: Վերջապես, «Ադրբեջան» անվամբ երրորդ կազմավորումը մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունն է (Ադր.Հ), որն իրողություն է դարձել ԽՍՀՄ-ի լուծարման ընթացքում: Վերջինս 1991 թ. օգոստոսի 30-ի «Պետական անկախության վերականգման մասին» հռչակագրով և հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտով հրաժարվել է իր իսկ կողմից ապօրինի որակված Ադր.ԽՍՀ-ի իրավահաջորդությունից և իրեն հռչակել մեկ այլ ապօրինի «պետության»՝ ԱԴՀ-ի իրավահաջորդը: Այդ ադրբեջաններից ոչ մեկը իր նախորդի իրավահաջորդը չէ: Դա իրավական կարևոր փաստ է, որի անտեսումը Բաքվին թույլ է տալիս խճճել հարցերը: Մինչ օրս հայտնի չէ, թե որ մի Ադրբեջանի անունից է Բաքուն պնդում, թե ԼՂ-ն պատկանում է իրեն, երբ դրանցից ոչ մեկին Արցախը իրավաբանորեն չի պատկանել: Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը՝ որպես Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախօրինակ ԱԴՀ-ն, ինչպես նշվեց, 1918 թ. իրողություն է դարձել թուրքական ռազմական ներխուժման հետևանքով, երբ օսմանյան զորքերը, կայսրության սահմաններից դուրս հայկական բնակավայրեր բնաջնջելով, Բաքվում սպանդի ենթարկելով ավելի քան երեսուն հազար հայերի, տապալեցին տեղի օրինական իշխանությունը և այն տվեցին մայիսի 27-ին Թբիլիսիում հռչակ-

2 Բնական է, որ Խորհրդային Ռուսաստանի բանակի կողմից հիմնված «Ադրբեջանը» իրեն չի հռչակել թուրքական բանակի հիմնած «Ադրբեջանի» իրավահաջորդը: Հասկանալի է նաև, որ առանց ժողովուրդների կամարտահայտության ու մեծ մասամբ դրանց կամքին հակառակ տարբեր պետությունների բանակների կողմից հիմնված այդ գոյացությունները չեն կարող օրինական դիտվել:

 23

ված ԱԴՀ կառավարությանը: Նպատակը մեծ Թուրանի թուրքական ծրագրով այնպիսի նոր պետության հիմնումն էր, որը կայսրությունը կկապեր միջինասիական Թուրքեստանին: Խոչընդոտը պատմականորեն հայկական և հայաբնակ տարածքներն էին: Կայսրության ներսում ցեղասպանությամբ այն հաղթահարված էր համարվում, և 1918-ին թուրքական զորքերը Անդրկովկասում ծրագրի հաջորդ քայլն էին իրագործում: Դրա համար Բաքուն գրավելուց հետո նրանք շրջվեցին դեպի Արցախ՝ բռնությամբ նրան ԱԴՀ-ին ենթարկելու համար: 1976 թ. թուրքերը կրկնեցին ԱԴՀ-ի փորձը՝ իրենց սահմաններից դուրս հիմնելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ցայսօր միջազգային ճանաչում չունի:

Դեֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղը 1918-1920 թվականներին 

Արդեն 1918 թ. հուլիսից Արցախում գործում էր օրինական իշխանություն: Դա ԼՂ լիազոր ներկայացուցիչների համագումարն էր (ԼՂ ԼՆՀ) և երկրամասի կառավարման համար նրա ձևավորած գործադիր մարմինը՝ ԼՂ ժողովրդական կառավարությունը (ԼՂ ազգային խորհուրդ)3 : Լեգիտիմության նման պաշարով մի այլ ազգային մարմին տարածաշրջանում չի եղել4 : Դեֆակտո անկախ Արցախը ասպարեզ իջավ երկրամասում դարեր շարունակ պահպանված հայկական անկախ կամ կիսանկախ պետականությունների ժառանգական գծի վրա՝ 1918-1920 թթ. որևէ այլ պետության չպատկանող տարածքներում: ԼՂ ԼՆՀ-ն մերժեց Բաքվին ենթարկվելու թուրքերի պահանջը և հոկտեմբերի 18-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից թուրքական զորագնդի ջարդով հարցը հանեց օրակարգից: Շուտով Արցախին նման պահանջ ներկայացրեց 1918 թ. նոյեմբերին Մեծ Բրիտանիայի նավթային շահերին հետամուտ գեներալ Թոմսոնի գլխավորությամբ Բաքու մտած անգլիական ռազմական առաքելությունը: Նրա ճնշմամբ ԼՂ ԼՆՀ-ն 1919 թ. օգոստոսի 26-ին ԱԴՀ-ի հետ կնքեց Ժամանակավոր համաձայնագիր5 առ այն, որ մինչև Փարիզի խաղաղության վեհաժողովը, որտեղ պետք է լուծվեր ԱԴՀ-ԼՂ վեճը, Արցախը համաձայնագրում նշված սահմանափակություններով ընդունում է Թոմսոնի նշանակած գեներալ-նահանգապետ Սուլթանովի վարչական լիազորությունները: Պայմանագիրը ԼՂ-ում ԱԴՀ-ին սուվերեն իրավունքներ չէր տալիս:

3 Արցախի՝ որպես վարչաքաղաքական դեֆակտո անկախ կազմավորման և նրա իշխանությունների ձևավորման գործընթացները փաստագրական ճշտգրտությամբ ու մանրամասներով ներկայացված են Եղիշե Իշխանյանի «Լեռնային Ղարաբաղ (1917-1920)» գրքում (Երևան, 1999):

4 ԱԴՀ-ն, օրինակ, հռչակել են հիմնականում Անդրկովկասյան սեյմում «Մուսավաթ» կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչներ: Ի տարբերություն դրա, ԼՂ ԼՆՀ-ն, ըստ էության, եղել է ժամանակակից իմաստով ներկայացուցչական մարմին:

5 Տե՛ս Нагорный Карабах в международном праве и мировой политике: документы и комментарии 2008, 164-166:

 24

Ազգերի լիգան մերժեց Լիգա ընդունվելու ԱԴՀ-ի դիմումը և չճանաչեց նրան որպես պետություն

Թուրքական բանակի կողմից հիմնված ԱԴՀ-ի տարածքային հավակնությունները Ազգերի լիգայի կողմից օրինական չդիտվեցին: Լիգա ընդունվելու Բաքվի հայցը 1920 թ. դեկտեմբերի առաջին օրերին քննվել է Լիգայի 5-րդ կոմիտեում և մերժում ստացել: Ահա Կոմիտեի եզրակացությունը՝ «1. Դժվար է ճշգրիտ որոշել այն տարածքների չափերը, որոնցում այդ պետության կառավարությունը իրագործում է իր իշխանությունը, 2. Սահմանների առիթով հարևան պետությունների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով անհնար է որոշել Ադրբեջանի ներկա սահմանները»6: Կոմիտեն հատուկ կերպով շեշտեց, որ ԱԴՀ-ն՝ որպես պետություն դեյուրե չի ճանաչվել Ազգերի լիգայի անդամ-պետություններից ոչ մեկի կողմից: Լիգայի գլխավոր քարտուղար Էրիկ Դրամմոնդը 1920 թ. նոյեմբերի 24-ի իր Հուշագրով բերեց 5-րդ կոմիտեի մերժումը լրացնող փաստարկներ: Նշելով հավակնվող տարածքներում հայցողի պատմական տիտղոսի բացակայության փաստը՝ նա շեշտեց, որ այդ տարածքը երբևիցե անկախ պետության կարգավիճակ չի ունեցել և եղել է խոշոր տերությունների (Մոնղոլիայի, Պարսկաստանի, Ռուսաստանի) մաս: Փաստարկի ծավալման ծիրում Դրամմոնդը ընդգծում է. «Նոր հանրապետության համար ընտրված Ադրբեջան անվանումը այնպիսին է, ինչպիսին և հարևան պարսկական երկրամասինն է»: Այնուհետև շեշտում է, թե արդյո՞ք 1918 թ. մայիսին այդ հանրապետության հռչակումը և 1920 թ. նրա դեֆակտո ճանաչումը… Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի կողմից բավարար է, որպեսզի Ադրբեջանը համարվի դեյուրե «լրիվ ինքնակառավարվող պետություն»7 : Դրան հաջորդում է մյուս փաստարկը, թե Լիգա ընդունվելու խնդրագիրը ներկայացրած պատվիրակությունը արդյոք լիազորություններ ունի՞ նման դիմում ներկայացնելու համար, և նրա կառավարությունը ի վիճակի՞ է կատարելու պարտավորություններ և տալու Լիգայի անդամակցությունից բխող երաշխիքներ8 : Լիգան ԱԴՀ-ի հայցադիմումը քննել է, երբ թուրքերի կողմից հիմնված այդ ԱԴՀ-ն փաստորեն արդեն լուծարված էր ռուսական XI Կարմիր բանակի կողմից: Սակայն նրա սկզբունքային առարկությունները կմնային անփոփոխ, եթե ԱԴՀ-ն վերացված չլիներ:

 6 League of Nations. Letter from the President of the Peace Delegation of the Republic of Azerbaijan. Assembly Document 20/48/206, p. 2. Նշելով հարևանների հետ ունեցած վեճերը՝ Լիգան նկատի ուներ ՀՀ-ի և Վրաստանի տարածքների նկատմամբ ԱԴՀ-ի հավակնությունները: ՀՀ-ի դեպքում դրանք վերաբերում էին ԼՂ-ին և Սյունիքին, որոնք ՀՀ-ն ներկայացրել է որպես իր տարածքներ: Լիգան այդ պահանջները վիճելի չի նկատել:

7 League of Nations. Memorandum by the Secretary General on the Application for the Admission of the Republic of Azerbaidjan to the League of Nations. Assembly Document 20/48/108, 4.

8 League of Nations. Memorandum by the Secretary General on the Application for the Admission of the Republic of Azerbaidjan to the League of Nations. Assembly Document 20/48/108, 4.

25

Ազգերի լիգային անդամակցելու ԱԴՀ-ի հայցը մերժելու փաստարկներից բխում է, որ առանց միջազգայնորեն ճանաչված կամ փաստորեն հաստատված սահմանների պատմությունը լքած ԱԴՀ-ի մեջ Լիգան չի տեսել օրինական կազմավորում: Այդ գոյացության արհեստականությունը պարզ երևում է նաև 1918 թ. մայիսի 27-ին դրա հիմնման մասին կազմված «Հռչակագրից»9: ԱԴՀ-ն չի հռչակվել որևէ ժողովրդի անունից: Անհասկանալի է «Հռչակագիրն» ընդունած մարմնի «ով լինելը»: Այն ընդունել է Ադրբեջանի մուսուլմանական ազգային խորհուրդը: Բայց «մուսուլմանական ազգային խորհուրդ» բառակապակցությունն անիմաստ է, քանի որ անիմաստ է «մուսուլմանական ազգ» հասկացությունը: Նման ազգ գոյություն չի ունեցել և հիմա էլ գոյություն չունի: Հռչակագիրը նույնպիսի անիմաստ պնդում է պարունակում այն մասին, թե մուսուլմանական ազգային խորհուրդն ընտրված է համաժողովրդական քվեարկությամբ, որպիսի բան լինել չէր կարող մինչ այդ չեղած մի երկրում: Նկատելով այդ անհեթեթությունները՝ հռչակագրի հետագա հրատարակություններում փոխել են այն ընդունած մարմնի անունը փաստաթղթի վերնագրում՝ այն անվանելով «ադրբեջանական ազգային խորհուրդ»10: Շրջանառության մեջ է դրվել նաև այդ մարմնի ավելի անհեթեթ անվանումը՝ «Անդրկովկասի մուսուլմանների ազգային խորհուրդ»11: Ազգերի լիգան չի վիճարկել Հայաստանի Հանրապետության պահանջը Լեռնային Ղարաբաղը իր անկապտելի մաս ներկայացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) վերաբերյալ Լիգայի 5-րդ կոմիտեի բանաձևը այլ բնույթ ուներ: Լիգան հիմք է ընդունում 1920 թ. մայիսի 28-ին ՀՀ անկախության մասին Հայոց Ազգային Խորհրդի կողմից ընդունված և մայիսի 31-ին հրապարակված Հռչակագիրը, որում ասված էր՝ «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով12 և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և 

9 Азербайджанская Демократическая Республика (1918-1920). Внешняя политика (документы и материалы) 1998, 8-9.

10 Азербайджанская Демократическая Республика (1918-1920). Внешняя политика (документы и материалы) 1998, 8-9.

11 Ահա թե ինչպես են համացանցում ներկայացնում այդ հարցը իրենք՝ Բաքվի մասնագետները «Национальный совет Азербайджана,… известный также как Временный Национальный Совет мусульман Закавказья или Национальный Азербайджанский Совет - политический межпартийный орган, созданный на чрезвычайном заседании бывших членов - мусульман Закавказского сейма, состоявшемся 27 мая 1918 года». https://bitly.ws/X8zc 

12 Խոսքը 1918 թ. փետրվարին ստեղծված և մայիսին լուծարված Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության մասին է, որի ղեկավար մարմինը՝ Անդրկովկասյան սեյմը, Ստամբուլի հրահրմամբ ներսից պայթեցրին թուրքամետ «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները:

26

միակ իշխանություն»13: Իրավունքի տեսակետից Հռչակագրի անվիճելի լինելը կասկածներ չի հարուցել Լիգայում: Պարզ ասված է, թե ով և որտեղ է հռչակում ՀՀ-ն: Դա չէր կարող չնկատվել Լիգայի կողմից: Ավելին, Լիգայի 5-րդ կոմիտեն իր պարտքն է համարել նշել, որ 1920 թ. մայիսին Հայաստանի Հանրապետության տարածքը կազմել է 26 130 քառ. մղոն (70 551 քառ. կմ), և որ քննարկման ընթացքում գտնվող Վանի, Բիթլիսի, Էրզրումի վիլայեթների և Տրապիզոնի վիլայեթի մի մասի վրա ՀՀ տիտղոսի ճանաչման դեպքում այն պիտի կազմի 80 880 քառ. մղոն (214 000 քառ. կմ) 14: Եթե ԱԴՀ-ի դեպքում վերջինիս ներկայացրած տարածքային հավակնությունների կապակցությամբ Լիգան արձանագրում է դրանց վիճելի բնույթը, ապա ՀՀ տարածքային պահանջների վերաբերյալ Լիգան նշում է այն տարածքները, որոնք 1918 թ. մայիսին կազմել են ՀՀ-ի մաս, և դա ընդունում որպես փաստ: Ավելին, Լիգայի 5-րդ կոմիտեն նշում է հայկական պատվիրակության այն տեսակետը, որ Սևրի պայմանագրի տակ հաղթող տերությունների շարքում ՀՀ-ի ստորագրությունը ՀՀ-ի ճանաչման ակտ պետք է դիտվի այն ստորագրող պետությունների կողմից: Կոմիտեն արձանագրում է նաև, որ ԱՄՆ-ը և Արգենտինան արդեն դեյուրե ճանաչել են ՀՀ-ն: ՀՀ-ն Ազգերի լիգա ներկայացրած իր սահմաններում Արցախը նշել է որպես իր անկապտելի մաս: Լիգան չի վիճարկել դա՝ տեղեկացված լինելով, որ Արցախն իր անկապտելի մաս ունենալու ՀՀ իրավունքը բխում է՝ (ա) այդ տարածքներում հայ ժողովրդի ունեցած պատմական տիտղոսից, (բ) ՀՀ հռչակագրից, որով ՀՀ տարածքները ներկայացված էին էթնիկական սահմաններում՝ անցնելով պատմական այդ պահին հայերի բնակության վայրերով, (գ) ԼՂ լիազոր ներկայացուցիչների իններորդ համագումարի բանաձևից, որով Լեռնային Ղարաբաղը հայտարարվել էր ՀՀ-ի անկապտելի մաս:

Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի ճանաչումը որպես Խորհրդային Հայաստանի մաս 

1920 թ. Նոյեմբերի 29-ին, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման հաջորդ օրը, ինտերնացիոնալ Ադր.ԽՍՀ-ն ողջունեց պատմական այդ ակտը և հայտնեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչում է Խորհրդային Հայաստանի անկապտելի մաս15: Դեկտեմբերի 1-ին Բաքվում իրադարձությանը նվիրված Բաքվի խորհրդի հանդիսավոր նիստում Ադր.ԽՍՀ-ի առաջնորդ Ն. Նարիմանովն ընթերցեց այդ Հռչակագիրը, բայց դեկտեմբերի 2-ին այն հրապարակվեց ԼՂ-ի մասով փոփոխված: Հռչակվում էր, որ Ադր.ԽՍՀ-ը ճանաչում է ԼՂ ժողովրդի լի-

13 Տե՛ս Հայոց պատմություն 2010, 11:

15 Нагорный Карабах в международном праве и мировой политике: документы и комментарии» 2008, 601.

27

իրավ ինքնորոշման իրավունքը: Հռչակագրի բնօրինակը, որով Ադր. ԽՍՀ-ն ԼՂ-ն ճանաչել է ՀԽՍՀ-ի մաս, մինչ օրս հասանելի չէ մասնագետներին:

Խորհրդային Ադրբեջանը՝ որպես նոր տիպի ոչ ազգային (ինտերնացիոնալ) հանրապետություն: Ադրբեջանահայությունը՝ որպես Ադր. ԽՍՀ-ի պետականակիր ազգ:

Խորհրդային «զգեստներով» Ռուսաստանը Անդրկովկաս վերադարձավ բազմազգ Արևելյան Անդրկովկասում նոր տիպի ոչ ազգային (ինտերնացիոնալ) հանրապետություն հիմնելու ծրագրով: Երկրատարածքի տնտեսական, մշակութային ու քաղաքական պատմության մեջ իրենց դերակատարությամբ ու ազգաբնակչության քանակով առանձնանում էին հայերը, XIX դարում ակտիվ ներհոսքով այդտեղ թափանցած և նոր գործոն դարձած ռուսները և կովկասյան թաթարները16, որոնք նույն շրջանում Ռուսական կայսրության կողմից տարբեր իսլամադավան խմբերից ձևավորած հանրություն էին: Պատահական չէ, որ ինտերնացիոնալ Ադր.ԽՍՀ-ի առաջին դեկրետները հրապարակվեցին արաբատառ թուրքերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով17: 1920-ական թվականներին տիտղոսակիր ազգ չունեցող Ադր.ԽՍՀ-ի ոչ ազգային բնույթը տարբեր դրսևորումներ ունեցավ: ԼՂԻՄ-ը պաշտոնական փաստաթղթերում նշվում էր որպես ազգային-պետական կազմավորում18: Ինտերնացիոնալ հանրապետության ամեն քաղաքացի իր մայրենի լեզվով կարող էր դիմել իշխանություններին և իր դիմումի պատասխանը ստանալ մայրենի լեզվով: Դա վերաբերում էր բոլորին: Բայց հայերենը հատուկ կարգավիճակ ուներ: ԼՂ Ինքնավար Մարզի հետ հարաբերվելու պաշտոնական լեզուն «Պետական հիմնարկների ազգայնացման մասին» դեկրետով19 հայերենն էր, և մարզը պաշտոնական փաստաթղթերում

16 Մինչև Ռուսական կայսրության սահմաններում հայտնվելը երկրամասում կովկասյան թաթարներ էթնոնիմով համայնք չի եղել: Տարածաշրջանը մշակութային, տնտեսական, ազգագրական չափումներում Պարսկաստանից հեռացնելու (իրանազերծելու) համար Ռուսական կայսրությունը այն ձևավորել է տեղի թյուրքերից՝ նրանց օժտելով լայն արտոնություններով: Համայնքին տրամադրված արտոնություններից օգտվելու համար նրան «անդամագրվում էին» ոչ միայն բնիկ ոչ թուրք իսլամադավան բնակիչները: Նույն շարժառիթով այդ խմբում «գրանցվեցին» Իրանից XIX դ. երկրորդ կեսին երկրամաս թափանցած էթնիկապես տարախառն ավելի քան միլիոն մուսուլման նորաբնակներ: Կայսրությունը, երկրատարածքի արդյունաբերական վերելքով պայմանավորված, խրախուսում էր այդ ներհոսքը: Դրանք, այսպես կոչված, օտխոդնիկներն էին (отходники): Ժողովրդագրական այդ գրոհի հետևանքով դարավերջին Արևելյան Անդրկովկասում Էթնիկական ինքնությունից զուրկ, ներսում բազմադեմ ու խառնամբոխ կովկասյան թաթարները XX դ. վերջերին Անդրկովկասում դարձան ամենամեծաթիվ համայնքը:

17 Советская историческая энциклопедия 1961, 248, https://runivers.ru/bookreader/book10460/#p age/128/mode/1up 

18 Տե՛ս К истории образования Нагорно-Карабахской автономной области Азербайджанской ССР 1989, 273:

19 Տե՛ս К истории образования Нагорно-Карабахской автономной области Азербайджанской ССР 1989, 162-163:

28

ներկայացվում էր որպես պետական կազմավորում: Տարրականից բարձր դասարաններում մայրենի լեզվով սովորելու համար ազգային բոլոր փոքրամասնությունները պետք է հարկ վճարեին, որ հայտնի էր «լեզգի փուլու» անվամբ: Այդ հարկից ազատված էին միայն հայերն ու կովկասյան թաթարները, որոնք չէին դիտվում որպես ազգային փոքրամասնություն: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության դրոշի վրա ինքնավարության անվանումը թյուրքերեն ու հայերեն էր գրվում20: Հանրապետության քաղաքական առաջին դեմքերը՝ Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղարները, մինչև 1933 թվականը ռուսներ, հրեաներ ու հայեր էին:

Քաղաքական շրջադարձ Մոսկվայում արդեն ՀԽՍՀ-ի մաս ճանաչված Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի հարցում

Բոլշևիկյան Մոսկվան նախագծում էր ինտերնացիոնալ, տիտղոսակիր ազգ չունեցող Ադր.ԽՍՀ-ը դարձնել սոցիալիզմի առաջադիրքը Արևելքում: Գաղափարական այդ նախագիծը և Արևմուտքից Թուրքիան պոկելու պլանները կանխորոշեցին պատմականորեն հայկական և արդեն Խորհրդային Հայաստանի մաս ճանաչված Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի բռնի օտարումը հօգուտ Ադր.ԽՍՀ-ի: Արևմուտքից Թուրքիան պոկելու համար բոլշևիկները գործարքի մեջ մտան դեռևս իշխանության չեկած Աթաթուրքի հետ, որը ձևավորել էր զուգահեռ իշխանություն ի դեմս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ): 1921 թ. մարտին 16-ին ԹԱՄԺ-ը և բոլշևիկյան իշխանությունները Մոսկվայում կնքեցին պայմանագիր, որով արդեն Խորհրդային Հայաստանի մաս ճանաչված Նախիջևանի երկրամասը պետք է հանձնվեր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը21: Պայմանագրի 15-րդ կետով Խորհրդային Ռուսաստանը հանձն էր առնում քայլեր ձեռնարկել, որպեսզի Անդրկովկասի խորհրդային հանրապետություններն ընդունեին ռուս-թուրքական պայմանագրով ընդունված որոշումները: Դա նշանակում էր, որ իր տարածքի թալանի համաձայնությունը տալու համար բռնություն պետք է գործադրվեր Խորհրդային Հայաստանի վրա (Վրաստանի և Ադր.ԽՍՀ նկատմամբ, բնական է, ճնշումներ չպիտի գործադրվեին, քանի որ առաջինը ստանում էր Բաթումը, իսկ երկրորդը՝ Նախիջևանը): Մոսկովյան գործարքը ամրագրվեց 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսում, որտեղ Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների մասնակցությամբ կնքված պայմանագրով22 Նախիջևանը հանձնվեց Ադր.ԽՍՀ-ի հովանավորությանը: Տրվեց հովանավորությանը, այլ ոչ ինքնիշխանությանը: 1923 թ., երբ ԽՍՀՄ-ն արդեն ձևավորվել էր, Մոսկվան խախտեց պայմանագրերը՝ Բաքվին արտոնելով իրեն հովանավորության տրված տարածքին տալ ինքնավար հան-

21 Документы внешней политики СССР 1959, 597-604.

22 Документы внешней политики СССР 1960, 597-604.

29

րապետության կարգավիճակ իր կազմում: ԽՍՀՄ-ի համար ներքին այդ ակտերը չեն անդրադարձել Կարսի պայմանագրի վրա: Այն ցայսօր անփոփոխ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Սակայն փոխվել է Նախիջևանը, որտեղից հայությունը «փափուկ» ճնշմամբ դուրս է մղվել: Խորհրդային տարիներին այստեղ «անարյուն» ցեղասպանություն է իրագործվել:

Լեռնային Ղարաբաղի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին

ԼՂ-ի բռնակցմանը պետք է տրվեր «օրինական տեսք», ինչպես դա արվել է Նախիջևանի դեպքում: Դա ավելի դժվար էր անել, քանի որ նրան՝ որպես տարածաշրջանի էթնոքաղաքական սուբյեկտ, ճանաչել էին թե՛ տարածաշրջան խուժած թուրքերը, թե՛ Անտանտը ներկայացնող Անգլիական ռազմական միսիան, թե՛ ՀՀ-ն, որի անկապտելի մաս էր իրեն հռչակել ԼՂ ԼՆՀ-ն, թե՛ ԱԴՀ-ն, որ ԼՂ-ի հետ մտել էր պայմանագրային հարաբերությունների մեջ: Բացի այդ, Ազգերի լիգան չի վիճարկել ՀՀ տիտղոսը՝ նրա տարածքային պահանջներում, որոնցում Արցախը ներառված էր: Վերջապես, հայտնի էր, որ 1920 թ. դեկտեմբերի 1-ին Բաքուն Լեռնային Ղարաբաղը (ինչպես նաև Զանգեզուրն ու Նախիջևանը) ճանաչել էր Խորհրդային Հայաստանի մաս, իսկ հաջորդ օրը՝ նրա ժողովրդի լիիրավ ինքնորոշման իրավունքը: Այս հիմքերով Ռուսաստանի Կոմունիստական (բոլշևիկյան) Կուսակցության Կովկասյան բյուրոն (ՌԿ(բ)Կ Կովբյուրո) արդեն 1921 թ. հունիսի 3-ին ՀԽՍՀ-ին հանձնարարել էր հանդես գալ Հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղը ՀԽՍՀ մաս հռչակելու մասին, ինչը և Երևանը արել է հունիսի 12-ին: Սակայն բոլշևիկյան Մոսկվայում Թուրքիային սիրաշահելու քաղաքական խաղերը այլ ուղղությամբ էին տանում զարգացումները: Մոսկվան արդեն ուներ ԼՂ-ն Ադր.ԽՍՀ-ին տալու որոշում: Այդ ապօրինության պատասխանատվությունը իր վրա չվերցնելու համար նա հանձնարարեց Կովբյուրոյին նորից անդրադառնալ ղարաբաղյան խնդրին: Թբիլիսի գործուղվեց Ստալինը՝ հարցը տեղում լուծելու համար: Մնալով իր դիրքորոշմանը՝ Կովբյուրոն հուլիսի 4-ի նիստում քննարկումներից հետո ընդունեց բանաձև՝ «Ղարաբաղի լեռնային մասը» (իմա՝ Լեռնային Ղարաբաղը – Ա.Մ.) մտցնել Խորհրդային Հայաստանի կազմի մեջ»: Բաքուն պահանջեց հարցը տեղափոխել Ռուսաստանի Կոմկուսի կենտկոմ, որը խուսափում էր իր հետ կապել այդ ապօրինությունը: Երևի հուլիսի 4-5-ի գիշերը Ստալինին չի հաջողվել համոզել Կովբյուրոյին այլ որոշում ընդունելու, բայց կարողացել է համոզել նոր նիստ հրավիրել: Հուլիսի 5-ին, ինչպես երևում է նիստի արձանագրությունից, Ստալինը ընթերցել է ՌԿ(բ)Կ կենտկոմի դիրքորոշումը ներկայացնող որոշման նախագիծը (ուրիշ մեկը նման լիազորություն չուներ) և նիստը փակել: Այն չի դրվել քննարկման կամ քվեարկության: Եվ այսպես, արդեն Խորհրդային Հայաստանի մաս ճանաչված Լեռնային Ղարաբաղը 1921 թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի

30

չընդունած «որոշմամբ» հայտնվել է Ադր. ԽՍՀ-ի սահմաններում: Դա եղել է ԼՂ-ի բռնազավթում, որի հետ Արցախի ժողովուրդը չի հաշտվել ողջ խորհրդային տարիներին և բազմիցս հանրագրերով դիմել է Մոսկվային՝ արդարությունը վերականգնելու պահանջով: Էստոպել (լռելյայն համաձայնություն) այդ հարցում չի եղել:

Ի՞նչ էր նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար 1921 թ. հուլիսի 5-ի՝ Կովբյուրոյում չընդունված, բայց գործադրված որոշմամբ

 Փաստաթղթում պատմական կամ իրավական բնույթի որևէ հիմնավորում չկա: Դրանում ասվում է՝ «Ելնելով մուսուլմանների ու հայերի միջև ազգային խաղաղության անհրաժեշտությունից՝ Ներքին ու Վերին Ղարաբաղի23 միջև մշտական տնտեսական կապից, Ադրբեջանի հետ նրա ունեցած կապից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում՝ նրան տալով լայն մարզային ինքնավարություն»24: «Որոշման» մեջ «Լեռնային Ղարաբաղը թողնել» ձևակերպումը ուղղակի կեղծիք է, քանի որ Լեռնային Ղարաբաղը ոչ միայն երբևիցե չէր եղել Ադր.ԽՍՀ-ի կազմում, այլև արդեն իսկ նույն Կովբյուրոյի հանձնարարությամբ հռչակված էր Խորհրդային Հայաստանի մաս: ԼՂ-ի բռնազավթման մասին այդ փաստաթղթով Խորհրդային Հայաստանից օտարվում էր ոչ թե ԼՂ-ի մի մասը՝ այլ ամբողջը, քանի որ ողջ Լեռնային Ղարաբաղն էր հռչակված Խորհրդային Հայաստանի մաս: Դա երևում է նաև «որոշման» առաջին իսկ նախադասությունից, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղին (այլ ոչ թե նրա մի մասին) պետք է տրվի լայն մարզային ինքնավարություն: Երկու տարի արցախցիներից չստանալով իրենց պատմական հայրենիքի բռնակցման համաձայնությունն ու խախտելով ապօրինի և իրականում չընդունված վճիռը՝ Բաքուն 1923 թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) դեկրետավորեց Լեռնային Ղարաբաղի մի մասում՝ հետևյալ ձևակերպմամբ. «Լեռնային Ղարաբաղի հայկական մասից կազմավորել ինքնավար մարզ…»25: Խորհրդային Հայաստանից բռնազավթվեց ողջ Լեռնային Ղարաբաղը, իսկ մարզը հիմնվեց նրա մեկ քառորդի վրա՝ այն ՀԽՍՀ-ից կտրված առանձնատարածք դարձնելու համար: Արցախի ինքնապաշտպանական բանակը 1991-1994 թթ. Բաքվի սանձազերծած պատերազմում ազատագրել է մարզի սահմաններից դուրս թողնված այդ տարածքների մի մասը: ԼՂՀ-ի 2006 թ.

23 Լեռնային Ղարաբաղ ու Վերին Ղարաբաղ, ինչպես նաև Ներքին Ղարաբաղ ու Դաշտային Ղարաբաղ աշխարհագրական տեղանունները այդ տարիներին որպես հոմանիշներ էին օգտագործվում:

24 Нагорный Карабах в международном праве и мировой политике: документы и комментарии 2008, 639.

25 Нагорный Карабах в международном праве и мировой политике: документы и комментарии 2008, 651-652.

31

Սահմանադրությամբ այդ տարածքները, որոնցում նա պետականորեն իրականացրել է հանրային իշխանություն, ամրագրվել են որպես Արցախի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող տարածքներ: ԼՂՀ-ն դուրս չի եկել Լեռնային Ղարաբաղից, ինչը պարզ երևում է նաև տարածաշրջանի ֆիզիկական քարտեզից: ԵԱՀԿ-ն «չի նկատել» դա: Աշխարհագրական Լեռնային Ղարաբաղը նույնացնելով ԼՂԻՄ-ի հետ՝ ԵԱՀԿ-ն շրջանառության մեջ դրեց Բաքվի մատուցած այն կեղծ դրույթը, թե ԼՂՀ-ն «Լեռնային Ղարաբաղի շուրջ» օկուպացրել է Ադրբեջանի յոթ շրջանները: Իրականում դրանք հենց Լեռնային Ղարաբաղի այն տարածքներն էին, որոնք նույնիսկ Կովբյուրոյի հուլիսի 5-ի չընդունված, բայց գործադրված որոշմամբ ԼՂԻՄ-ի մաս պիտի կազմեին: «Ինտերնացիոնալ Ադրբեջան» ծրագրի փակումը և Ադր.ԽՍՀ-ի իսլամադավան ժողովուրդներից ադրբեջանցի ազգ կառուցելու ստալինյան նախագծի առաջադրումը Ստալինը լավ գիտեր ազգային իրադրությունը Անդրկովկասում: Գիտեր, որ ցարիզմի կողմից առաջ տարվող իրանազերծման քաղաքականության և էթնիկապես տարախառն զանգվածից «կովկասյան թաթարներ» անվամբ կեղծ էթնոխմբի ստեղծումը Ռուսական կայսրության համար աննպաստ արդյունք է տվել: Արտոնություններով օժտված այդ զանգվածը թուրքական հակումներ է ձեռք բերել (այդ թվում և տարածաշրջանում վխտող թուրքական գործակալների ջանքերով), կայսրության համար դառնալով ոչ պակաս վտանգավոր գործոն: Ըստ երևույթին, 1920-ականներին «Ինտերնացիոնալ Ադրբեջան» ծրագրում այդ միտումները չեզոքացնելու միջոց տեսել է նաև Ստալինը: Սակայն 30-ական թթ. սկզբներին այդ խնդիրը լուծելու նոր գաղափար է առաջադրվում: Իմաստն այն էր, որ, ոչ ազգային Ադր.ԽՍՀ-ի իսլամադավան ժողովուրդներին «խառնելով», կարելի է ստեղծել նոր ազգ, որը կունենա սեփական ազգային գիտակցություն, նոր ինքնություն և թուրքական կամ պարսկական հակումներ չի ունենա: Ենթադրվում էր, որ այդպես անվտանգային ավելի հուսալի իրադրություն կձևավորվի երկրի հարավային սահմաններում: Նոր նախագիծը սովորաբար կապվում է Ստալինի անվան հետ: Բայց ով էլ լիներ դրա հեղինակը, այն կարող էր իրագործել միայն Ստալինը, և այն պիտի կապվեր միայն նրա անվան հետ: Խնդիրը դեռ հավելյալ ուսումնասիրության կարիք ունի, և ամենից հավանականն այն է, որ այդ գաղափարը նրան հուշել են 1933-ին Ադրբեջանի կոմկուսի առաջնորդ դարձած Միր Ջաֆար Բաղիրովը և նրա հետ միշտ սերտ կապերի մեջ գտնվող Լավրենտի Բերիան: Բացի վերը նշված փաստարկից, նրանք որպես տհաճ բացառություն պետք է նշեին այն, որ Ադր.ԽՍՀ-ը միութենական հանրապետությունների շարքում միակն է, որ չունի պետականակիր ազգ, ինչը վատ է ազդում հանրային տրամադրութ-

32

յունների վրա: Բաղիրովի դատական գործի արխիվը գուցե և կարող է հաստատել այս վարկածը: Բայց այն դեռ բաց չէ: Չի բացառվում, որ նա ուղղակի խաբել է Ստալինին: Նոր ազգի միջուկը արդեն թուրքական հակումներով, 1905-ին ու 1918-ին հայկական կոտորածների փորձ ձեռք բերած և ամենամեծ համայնքը դարձած կովկասյան թաթարները պիտի լինեին: Սրանք նորաբնակներ էին Անդրկովկասում և ազգ դառնալու համար երկրատարածքի պատմության ու մշակույթի հետ կապեր չունեին: Ազգ դառնալու համար նախագիծը նրանց արտոնում էր սեփականացնել բնիկ ժողովուրդների, այդ թվում և հայերի պատմությունն ու մշակույթը: Գրեթե մի ամբողջ դար է, ինչ տեղի թուրքական ու թուրքացած տարրը, որ մինչ այդ քողարկվում էր կովկասյան թաթարներ էթնոնիմի տակ, թալանում է Անդրկովկասի ժողովուրդների պատմությունն ու մշակույթը՝ այս անգամ ադրբեջանցի կեղծ էթնոնիմի քողի տակ: Անձնագրով «ադրբեջանցին» էթնիկ պարսիկ, լեզգի, թալիշ, ավար, թաթ, քուրդ կամ թուրք է: Ադրբեջանցի էթնիկական հանրույթ, իբրև այդպիսին, գոյություն չունի, և հայտնի չէ, թե որքան է բուն թուրքի բաժինը այդ (թող թույլ տրվի ասել) պսևդոհանրության մեջ: Ադր.ԽՍՀ-ի իսլամադավան բոլոր ժողովուրդներին «ադրբեջանցի» գլխարկի տակ դնելը փոխեց հանրապետության ազգագրական պատկերը: Հանրապետության պետականությանն առնչվող երկու համայնք մնացին՝ անհայտ ինքնությամբ ադրբեջանցիները և հայերը, որոնք 20-ականներին դիտվել են որպես ինտերնացիոնալ (ոչ ազգային) Ադր.ԽՍՀ-ի հիմնադիր ժողովուրդներից մեկը և ի դեմս ԼՂԻՄ-ի ներկայացված էին Ադր.ԽՍՀ-ի ու ԽՍՀՄ-ի ազգային-պետական կառույցներում: ԼՂԻՄ-ը՝ որպես ԽՍՀՄ ազգային-պետական կառույցի սուբյեկտ ԽՍՀՄ ազգային-պետական համակարգում ԼՂԻՄ-ի կարգավիճակը ի վերջո որոշվել է ավտոնոմիզացիայի մասին ստալինյան նախագծով: Գաղափարը, որով առաջնորդվել է Ստալինը Լենինի հետ ԽՍՀՄ ազգային-պետական համակարգի շուրջ բանավեճում, հանգում էր նրան, որ երկրի ազգային վարչաքաղաքական միավորներին պետք է տրվեն ոչ թե սուվերեն պետությունների, այլ ինքնավարությունների կարգավիճակ: Նա լիարժեք ազգային հանրապետությունների լենինյան նախագծում տեսնում էր ԽՍՀՄ-ի՝ որպես դաշնային պետության տրոհման վտանգը (ի վերջո, նա ճիշտ դուրս եկավ): Ստալինը ստիպված էր այդ բանավեճում զիջել Լենինին, որ կուսակցության մեջ անհամեմատ ավելի մեծ հեղինակություն ուներ: Սակայն վերջինիս մահից հետո նա իր գաղափարը առաջ էր տանում այլ ձևերով՝ միութենական հանրապետություններից հօգուտ կենտրոնական իշխանության (Կենտրոնի) օտարելով պետականության կարևորագույն ատրիբուտները: Ավելին, նա սահմանադրորեն ԽՍՀՄ իրավաքաղաքական համակարգի միջուկ դարձրեց Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցությունը

33

(ԽՄԿԿ), որի գործունեության հիմքում դրված էր դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը: Դա նշանակում էր, որ երկրի համար կարևոր բոլոր վճիռներն ընդունվում էին ԽՄԿԿ կենտկոմում, որոնք պարտադիր էին կուսակցական ստորադաս կազմակերպությունների համար: Այդ վճիռները մեքենայաբար ընդունվում էին նաև խորհրդային մարմինների կողմից, որոնցում վճռական մեծամասնություն կազմող կոմունիստները պարտավոր էին առաջ տանել կուսակցության կենտկոմի որոշումները: Միութենական հանրապետություններից պետական ինքնիշխանության ատրիբուտների օտարմամբ նրանց իրավական կարգավիճակը իջեցրեց՝ այն գրեթե հավասարեցնելով ինքնավարություններին: Դա կարելի է ցույց տալ Ադր.ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի օրինակներով: Վերջինս չուներ ինքնիշխան պետականության այնպիսի ատրիբուտներ, ինչպիսիք են սեփական տարադրամը, բանակը, քաղաքացիությունը, միջազգային կազմակերպություններում ներկայացվածությունը, սեփական սահմանապահ ուժերը: Բայց այդպիսիք չուներ նաև Ադր.ԽՍՀ-ը: ԽՍՀՄ-ն ուներ մեկ միասնական պետական սահման, իսկ ներքին սահմանները սոսկ վարչական սահմաններ էին: Թե՛ Ադր.ԽՍՀ-ի, թե՛ ԼՂԻՄ-ի սահմանները կարող էին փոխվել միայն նրանց համաձայնությամբ: Ինչ վերաբերում է ԽՍՀՄ գերագույն օրենսդիր մարմնում ներկայացվածությանը, երկուսն էլ համապատասխան քվոտաներով ներկայացված էին այնտեղ: Մոսկվայից էին նշանակվում թե մեկի, թե մյուսի գլխավոր դատախազները: Պետականության նշված բոլոր (և ըստ էության՝ որոշիչ) հատկանիշներով ինքնավար մարզը և միութենական հանրապետությունը գրեթե նույն կարգավիճակում էին: Պատահական չէ, որ 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման մասին» ԽՍՀՄ օրենքով26 ԽՍՀՄ-ից դուրս (ԽՍՀՄ-ի լուծարման կամ ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու պարագայում) ինքնավար կազմավորումներին իրավունք էր տրվում հռչակելու անկախ պետականություն: ԽԱՀՄ-ից դուրս իրենց կարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունք էր տրված նաև հավաք ապրող ազգություններին: 1990 թ. ապրիլի 3-ի օրենքը լրացուցիչ հիմնավորում ստացավ նույն տարվա ապրիլի 26-ի՝ «ԽՍՀ Միության և դաշնային սուբյեկտների լիազորությունների սահմանազատման մասին» ԽՍՀՄ օրենքով27, որն արձանագրեց, որ ինքնավար կազմավորումները միութենական հանրապետությունների սահմաններում գտնվում են ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

26 Закон Союза Советских Социалистических Республик «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР» 1990, 44-16.

27 Закон СССР от 26 апреля 1990 г. N 1457- I «О разграничении полномочий между Союзом СССР и субъектами федерации» 1990, 44-12.

34

Արցախի (ԼՂ) Հանրապետությունը 1991 թ. կայացել է մերօրյա Ադրբեջանական Հանրապետությանը չպատկանող տարածքներում ԽՍՀՄ-ի լուծարումը ընթացքի մեջ մտավ 1991 թ. սեպտեմբերի 6-ին մերձբալթյան հանրապետություններից, որոնց անկախությունը հատուկ որոշմամբ ճանաչեց ԽՍՀՄ պետական խորհուրդը28: Նախօրեին նրանք հռչակագրերով վերականգնել էին իրենց ունեցած և 1940 թ. ԽՍՀՄ-ի ներխուժմամբ կորցրած պետականությունները: Բաքվում որոշեցին նույն ուղիով գնալ և օգոստոսի 30-ին հրապարակեցին «Պետական անկախության վերականգման մասին» հռչակագիր: Հոկտեմբերի 18-ին այն ծավալուն ձևով ներկայացվեց «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում29: Բայց այն, ինչ իրավաբանորեն իմաստ ուներ մերձբալթյան հանրապետությունների համար, անիմաստ էր Ադրբեջանական Հանրապետության դեպքում: Բաքուն խորհրդային կարգերի հաստատումը Արևելյան Անդրկովկասում որակեց որպես Ադրբեջանի բռնազավթում և որոշեց վերականգնել թուրքական բանակի կողմից հիմնված ԱԴՀ-ի պետականությունը: Դա փաստորեն առանց հաստատված կամ ճանաչված սահմանների պատմությունը լքած այն «պետությունն» էր, որին Ազգերի լիգայի անդամ-պետություններից ոչ մեկը դեյուրե չէր ճանաչել, որի առաջ Լիգան փակել էր իր դռները նրա կողմից հավակնություն ունեցող տարածքներում պատմական տիտղոս և փաստացի վերահսկողություն չունենալու հիմնավորումով: Վերականգնվեց մի պետականություն, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չէր եղել: Բաքվի այդ ակտին 1991 թ. սեպտեմբերի 2-ին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակումը30 և ապա՝ դեկտեմբերի 10-ին ԼՂՀ անկախության մասին հանրաքվեն31: ԼՂՀ-ն հռչակվեց ԼՂԻՄ-ի և Կենտրոնական Արցախի Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների միացյալ նիստում32: Հռչակագրում բերվեց իրավական բնույթի երեք հիմնավորում՝ (1) Բաքվի վերադարձը 1918-1920 թթ. իրավաքաղաքական իրողություններին և Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության վերականգնումը, (2) նախըն-

29 Конституционный акт Азербайджанский республики от 18 октября 1991 года N 222-XII О восстановлении государственной независимости Азербайджанской Республики https://base.spinform. ru/show_doc.fwx?rgn=2889

30 Нагорный Карабах в международном праве и мировой политике: документы и комментарии 2008, 702-703.

31 Нагорный Карабах в международном праве и мировой политике: документы и комментарии 2008, 712-713.

32 Շահումյանի շրջանը և հարակից Գետաշենի ենթաշրջանը հայաբնակ այն տարածքներն էին, որ նույնիսկ Կովբյուրոյի չընդունած, բայց իրագործված որոշմամբ պետք է ընդգրկվեին հայկական ինքնավարության (ԼՂԻՄ-ի) կազմում: Դրանցում Բաքուն դեռ չէր հասցրել իրագործել ցեղասպանություն:

35

թաց տասնամյակներում Բաքվի իշխանությունների վարած ցեղասպանական քաղաքականությունը և (3) ԽՍՀՄ-ի դեռևս գործող օրենքները (1990 թ. ապրիլի 3-ին և 26-ին ընդունված՝ վերը հիշատակված օրենքները), որոնք միութենական հանրապետություններին արգելում էին ԽՍՀՄ-ից դուրս գալու դեպքում հարկադրանքով «իրենց հետ տանել» ինքնավար կազմավորումներն ու հավաք ապրող ազգություններին: Առաջիններին, ինչպես արդեն նշվել է, արտոնվում էր ինքնուրույն որոշել իրենց պետաիրավական կարգավիճակին վերաբերող հարցերը՝ ընդհուպ մինչև անկախ պետականության հիմնումը: Հենվելով ինքնորոշման իր ճանաչված իրավունքի վրա՝ Արցախը 1991 թ. դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ այն իրացրեց համաժողովրդական հանրաքվեով: Դրան մասնակցեց ընտրական իրավունք ունեցող ազգաբնակչության 82,2 տոկոսը: Հօգուտ անկախության քվեարկեց ընտրողների 99.89 տոկոսը: Կայունացած ավանդույթով ԼՂՀ-ի անկախացման լեգալությունը սովորաբար հիմնավորվում է ԽՍՀՄ օրենքներով և այն պնդմամբ, թե ԼՂ-ն ԽՍՀՄ օրենքների համաձայն է դուրս եկել Ադր.ԽՍՀ-ի կազմից: Բաքուն դա կասկածի տակ է առնում՝ պնդելով, թե ինքը 1991 թ. իր անկախացման գործընթացում ԽՍՀՄ օրենքներով չի առաջնորդվել, այլ հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից՝ ուղղակի վերականգնել է 1918-1920 թթ. ԱԴՀ պետականությունը33: Բայց Բաքվի այդ «խորամանկ» հնարքը Արցախին տրամադրեց անկախացման ավելի հզոր իրավական հիմք: Եվ դա այն է, որ Արցախը մաս չի կազմել թուրքերի կողմից ստեղծված ԱԴՀ-ի և 1991 թ. անկախություն է հռչակել նորահռչակ Ադրբեջանական Հանրապետությանը չպատկանող տարածքներում: Ինչու՞ Բաքուն հրաժարվեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից Եվ այսպես, Խորհրդային Ռուսաստանի կողմից Անդրկովկասի օկուպացված տարածքներում հիմնած Խորհրդային Ադրբեջանը 1991 թ. Բաքուն որակել է ապօրինի կազմավորում: Դա փաստի ճիշտ գնահատական էր: Սակայն միայն դա չէր Ադր.ԽՍՀ-ից հրաժարվելու և ԱԴՀ «պետականությունը» վերականգնելու քաղաքական շարժառիթը: 1991 թ. մերձբալթյան հանրապետությունների օրինակով նա փորձել է ներկայանալ որպես ԼՂ-ն ու Նախիջևանը իրեն հանձնած Խորհրդային Ռուսաստանի զոհ և ասպարեզ իջնելու իր հիմքերին պատմական բնույթ տալու համար դրանք տանել

33 Պետական անկախության վերականգման մասին Սահմանադրական ակտում Բաքուն, իր սովորության համաձայն, նենգափոխել է հասկացությունները: Որպեսզի Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության հետ իրավահաջորդության կապը համոզիչ լինի, նա անվանափոխել է այն՝ Ադրբեջանական Հանրապետություն անվանելով՝ անտեսելով այն իրողությունը, որ այդ անունով պետություն դարասկզբին չի եղել:

36

դարասկիզբ: Ադր.ԽՍՀ-ի իավահաջորդությունից հրաժարվելու ակտով, Բաքուն խուսափում էր խորհրդային տարիներին հայերի՝ այդտեղ իրագործված ցեղասպանության և Ադր.ԽՍՀ-ի հարյուր հազարավոր հայ փախստականներին փախհատուցում տալու պատասխանատվությունից: Բայց կար նաև մեկ այլ շարժառիթ: Հրաժարվելով խորհրդային ժառանգությունից՝ Բաքուն նպատակ ուներ չեղարկել Ադր.ԽՍՀ-ի կողմից ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և արժեզրկել ԽՍՀՄ օրենքները, որոնք Արցախին արտոնում էին ԽՍՀՄ-ից դուրս հռչակելու անկախություն: Ի վերջո, նա հույս ուներ, որ նոր աշխարհակարգի ձևավորման թոհուբոհում ԽՍՀՄ-ի շուտափույթ լուծարումով շահագրգռված Արևմուտքը (և առաջին հերթին՝ Եվրոպան) ժամանակ չի ծախսի դրանցում խորամուխ լինելու համար: Հաշվարկը ճիշտ դուրս եկավ: Ինչպես է ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ն օրինական տեսք տվել Բաքվի ապօրինություններին՝ իրավական փաստերի անտեսմամբ և միջազգային իրավունքի նենգափոխմամբ Եվրոպական խորհրդի որոշմամբ (Մաաստրիխ, 1991 թ. դեկտեմբերի 9- 11) 1991 թ. դեկտեմբերի 16-ին Բրյուսելում ընդունվել են այն չափանիշները, որոնք սահմանում են Եվրոպական համայնքի 12 երկրների ընդհանուր մոտեցումը Խորհրդային Միության նկատմամբ և Արևելյան Եվրոպայում նորանկախ պետությունների ճանաչման հարցում: Փաստաթղթում, որ հայտնի է «Բրյուսելյան մինիմում» վերտառությամբ, նշվում է, որ Եվրոպան նորանկախ պետություններից պաշտոնական ճանաչման համար պահանջում է, որ նրանք պարտավորվեն, (1) կհետևեն ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Փարիզյան հռչակագրի դրույթներին հատկապես ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերում, (2) երաշխիքներ կտան էթնիկական ու ազգային խմբերին և փոքրամասնություններին ԵԱՀԿ շրջանակում ընդունած պարտավորություններին համապատասխան, (3) կընդունեն բոլոր սահմանների անձեռնմխելիությունը, որոնք չեն կարող այլ կերպ փոփոխվել, քան խաղաղ միջոցներով և ընդհանուր համաձայնությամբ34, (4) կընդունեն զինաթափման, միջուկային զենքի չտարածմանն ու անվտանգությանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող բոլոր պարտավորությունները, (5) կպարտավորվեն պետությունների իրավահաջորդության և տարածաշրջանային վեճերին վերաբերող բոլոր հարցերը համաձայնությամբ լուծել՝ այդ թվում նախատեսելով անհրաժեշտության դեպքում իրավարար դատարանին դիմելը: Եվրոպային բարձրակարգ իրավաբաններ ու միջազգայնագետներ պետք չէին, որպեսզի արձանագրեին (ինչպես դա 1920 թ. արել են Ազգերի

34 Հայտարարությունից ընդհանրապես պարզ չէ, թե ինչ «բոլոր սահմանների» մասին է խոսքը:

37

 լիգայի փորձագետները), որ Ադր. Հ-ն չի բավարարում և չի կարող բավարարել այդ չափանիշներից ոչ մեկը: Դրանք հակացուցված էին ագրեսիվ նացիոնալիզմով վարակված, Արևելյան Անդրկովկասում ու Նախիջևանում արյունալի ու անարյուն ցեղասպանության հարուստ փորձ կուտակած և այդ մշակույթից հրաժարվելու մտադրություն չունեցող այդ երկրի քաղաքական մշակույթին: Չափանիշներից մեկը վերաբերում էր պետությունների իրավահաջորդությանը, և նախկին միութենական հանրապետությունների ճանաչման հարցով զբաղված Եվրոպան «չնկատեց», որ «նախկին Խորհրդային Ադրբեջան» այլևս գոյություն չունի, որ դրա տեղը Ադրբեջանական Հանրապետություն անվամբ 1918-1920 թթ. ԱԴՀ-ն է: Չնկատեց, որ Բաքուն հրաժարվել է մեկ ապօրինի պետության իրավահաջորդությունից և դարձել մեկ այլ ապօրինի պետության իրավահաջորդը: Նա չպարզեց, թե որ մի Ադրբեջանն է ներկայացել Ալմա-Աթա և եվրոպական արժեքներին հետևելու երաշխիքներ տվել: Նա հայտարարեց, թե կոնֆլիկտի կարգավորման հիմքում դնում է ժողովուրդների ազատ ինքնորոշման, պետությունների տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի արգելման սկզբունքները, սակայն դրանցից ոչ մեկը չկապեց խնդրի փաստական հենքի հետ: Նա «չնկատեց», որ գործ ունի Ադրբեջան անունով «պետությունների» մի շարքի հետ, որոնցում ոչ մի անգամ ինքնորոշման ակտ և անկախության հանրաքվե չի եղել: Ամենայն հավանականությամբ, հենց Եվրոպան է Ալմա-Աթայից հետո խորհուրդ տվել Բաքվին ձևական մի հանրաքվե անցկացնել, որպեսզի «ճանաչման կարգը պահպանվի»: Բաքուն այդ պոստ-ֆակտում հանրաքվեն կազմակերպել է 1991 թ. դեկտեմբերի 29-ին: Դա եղել է անկախության առաջնային հանրաքվե, որով առաջին անգամ պետք է որոշվեին Ադր.Հ-ի սահմանները, և նրանցում Արցախը չէր կարող լինել, քանի որ նա չի մասնակցել Բաքվի կազմակերպած այդ պոստ-ֆակտում հանրաքվեին և նրանից առաջ համաժողովրդական հանրաքվեով անկախացել էր իրեն և միայն իրեն պատկանող տարածքներում: Եվրոպան դա էլ «չի նկատել» և ԵԱՀԽ ու ՄԱԿ մտնելու համար անցագիր և ցեղասպանական քաղաքականությունը շարունակելու արտոնագիր է տվել Ադր. Հ-ին, որն իրեն չվերաբերող տարածքային ամբողջականության սկզբունքն օգտագործում է քաղաքական իր հանցագործ ուղեգիծը «իրավունքով» քողարկելու համար: Հ.Գ. Մեզ կարող են հանդիմանել, թե տարվելով իրավունքով՝ մոռացել ենք խնդրի քաղաքական տեսանկյունները, երբ, ինչպես ասում են, իրավունքի գինը ցածր է այն թղթի գնից, որի վրա այն գրվում է: Գուցե և ճիշտ է ասված: Բայց ճիշտ է և այն, որ առանց ԻՐԱՎՈՒՆՔԻ մենք կհայտնվենք վայրենության քարանձավում, որտեղ Բաքուն արդեն իսկ գտնվում է և փորձում է մարդկությանը տանել այնտեղ:

38

Եզրակացություններ 

Չկա իրավական որևէ հիմք պնդելու, թե Լեռնային Ղարաբաղը (Արցախը) XX դարում Անդրկովկասում «ադրբեջանական» կոչված երեք պետություններից որևէ մեկի մաս էր/է: Թուրքերի կողմից հիմնած ԱԴՀ-ն, ստանալով Ազգերի լիգային անդամակցելու մերժումը, պատմությունը լքել է առանց հաստատված կամ ճանաչված սահմանների՝ առանց Արցախի: Արցախը չի եղել նաև Խորհրդային Ռուսաստանի XI Կարմիր բանակի կողմից հիմնված Ադր.ԽՍՀ-ի սուվերեն տարածք, քանի որ` (1) Ադր.ԽՍՀ-ն ինքնիշխան պետություն չի եղել, (2) նրա սահմաններում Արցախը հայտնվել է Խորհրդային Ռուսաստանի կոմկուսի Կովկասյան բյուրոյի՝ 1921 թ. հուլիսի 5-ի չընդունված, բայց գործադրված «որոշմամբ», երբ նա արդեն հռչակված էր Խորհրդային Հայաստանի մաս, ինչը եղել է Արցախի բռնակցում, (3) Ադր.ԽՍՀ-ի ապօրինի կազմավորում լինելը Բաքուն ընդունել է 1991 թ. Ադր.Հ-ի անկախության մասին սահմանադրական ակտով, որից բխում է նաև Արցախը ոչ օրինական այդ կազմավորման սահմանները մտցնելու՝ Կովբյուրոյի «որոշման» ապօրինությունը: Միջազգային իրավունքի տեսակետից Արցախը չի պատկանում նաև 1991 թ. ԽՍՀՄ-ի լուծարման ընթացքում հայտնված մերօրյա Ադրբեջանական Հանրապետությանը, որը վերականգնել է թուրքերի կողմից հիմնված, 1918-1920 թթ. գոյատևած ԱԴՀ-ն, որին Արցախը չի պատկանել: 1991 թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեով Արցախը անկախություն է ձեռք բերել մերօրյա Ադր. Հ-ին չպատկանող տարածքներում: 1991-ին Եվրոպան դա անտեսել և միջազգային իրավունքն արհամարհելով որոշել է ԱԴՀ-ն ճանաչել Արցախով հանդերձ, երբ հայտնի էր, որ XX դարում «Ադրբեջան» անվան տակ հայտնված ոչ մի «պետություն», ներառյալ Ադր. Հ-ն, ասպարեզում չի հայտնվել ինքնորոշման ակտով (անկախության հանրաքվեով):

Գրականություն

 Իշխանյան Ե. 1999, Լեռնային Ղարաբաղ (1917-1920), Երևան, «Հայաստան», 375 էջ:

Հայոց պատմություն 2010, հ. 4, գիրք առաջին, Երևան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 797 էջ:

Азербайджанская Демократическая Республика. Внешняя политика (Документы и материалы) 1998, Баку, «Азербайджан», 632 с.

Документы внешней политики СССР. Москва 1959, т. III, Москва, «Госполитиздат», 743 с.

Документы внешней политики СССР. Москва 1960, т. IV, «Госполитиздат», 840 с.

К истории образования Нагорно-Карабахской автономной обласи Азербайджанской ССР 1989, Баку, «Азербайджанское государственное издательство», 334 с.

Нагорный Карабах в международном праве и мировой политике: документы и комментарии 2008, т. 1, Москва, «Кругъ», 943 с.

 Свод законов СССР. Москва 1990, т. 1, «ГПИБ», 871 с.

Советская историческая энциклопедия 1961, т. 1, Москва, «Советская энциклопедия», 1024 с.

League of Nations. Letter from the President of the Peace Delegation of the Republic of Azerbaijan. Assembly Document 20/48/206.2. (ներբեռնման օրը՝ 20.09.2023).

39

League of Nations. Memorandum by the Secretary General on the Application for the Admission of the Republic of Azerbaidjan to the League of Nations. Assembly Document 20/48/108 (ներբեռնման օրը՝ 19.09.223).

ԻՆՉՈ՞Ւ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ (ԱՐՑԱԽ), ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Ալեքսանդր Մանասյան 

Ամփոփում 

XX դարում Անդրկովկասում «Ադրբեջան» անունով Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ (ԼՂ) հավակնող երեք ապօրինի կազմավորում է հայտնվել: Առաջինը թուրքերի կողմից հիմնած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունն էր (1918-1920 թթ.), որին Ազգերի լիգան 1920 թ. չի ճանաչել որպես պետություն, և որը պատմությունը լքել է առանց փաստորեն հաստատված կամ ճանաչված սահմանների, առանց Արցախի: Նույն՝ 1918-1920 թթ. Արցախը եղել է դեֆակտո անկախ կազմավորում և ունեցել է լեգիտիմ իշխանություններ ի դեմս Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարի (ԼՂ ԼՆՀ) և Ժողովրդական կառավարության: 1920 թ. ապրիլի 28-ին ԼՂ ԼՆՀ-ն Լեռնային Ղարաբաղը հայտարարել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) անկապտելի մաս: «Ադրբեջան» անվամբ երկրորդ ապօրինի կազմավորումը Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (Ադր.ԽՍՀ) հիմնել է Խորհրդային Ռուսաստանի XI Կարմիր բանակը 1920 թ. ապրիլի 28-ին՝ որպես նոր տիպի ոչ ազգային, ինտերնացիոնալ, տիտղոսակիր ազգ չունեցող հանրապետություն: Վերջինիս սահմաններում արդեն Խորհրդային Հայաստանի մաս հռչակված ԼՂ-ն մտցվել է Ռուսաստանի Կոմունիստական (բոլշևիկյան) Կուսակցության Կովկասյան բյուրոյի (Կովբյուրո) չընդունված, բայց գործադրված որոշմամբ: Բռնակցմանը իրավական տեսք տալու համար Խորհրդային Հայաստանից օտարված ԼՂ-ի մի մասը ոչ ազգային այդ հանրապետության սահմաններում ունեցել է ինքնավար մարզի, իսկ ԽՍՀՄ կազմավորումից հետո՝ բոլոր ինքնավարությունների պես նաև ԽՍՀՄ ազգային-պետական համակարգի սուբյեկտի կարգավիճակ: ԽՍՀՄ-ի օրոք Արցախը զանգվածային հանրագրերով պարբերաբար պահանջել է ուղղել 1921 թ. իր նկատմամբ թույլ տրված անարդարությունը: 1988 թ. դա ընդունել է համաժողովրդական շարժման բնույթ: «Ադրբեջան» անունով երրորդ ապօրինի կազմավորումը՝ Ադրբեջանական Հանրապետությունն ասպարեզ է իջել ԽՍՀՄ-ի լուծարման ընթացքում: 1991 թ. հոկտեմբերի 18-ի՝ Պետական անկախության մասին սահմանադրական ակտով Բաքուն Ադրբեջանի խորհրդայնացումը որակել է որպես նրա բռնազավթում Խորհրդային Ռուսաստանի կողմից: Փաստաթղթում ամրագրվել է նաև այդ որակումից բխող հետևությունը առ այն, որ Ադր.Հ-ն հրաժարվում է Ադր.ԽՍՀ-ի՝ որպես ապօրինի կազմավորման իրավահաջորդությունից և իրեն հռչակում 1918-1920 թթ. ԱԴՀ իրավահաջորդ: Սակայն դա չապահովեց Ադր.Հ-ի կայացման օրինականությունը, քանի որ, հրաժարվելով ապօրինի Ադր.ԽՍՀ-ից, նա իրեն հռչակեց իրավահաջորդը մեկ այլ ապօրինի պետականության, որին Ազգերի լիգան չէր ճանաչել որպես պետություն, և որի կազմում Լեռ-

40

նային Ղարաբաղը չի եղել: 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացել է Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն մերօրյա Ադր.Հ-ին չպատկանող այն տարածքներում, որտեղ Բաքուն չէր հասցրել ավարտել էթնիկական զտումները: Եվրոպան «չնկատեց» միջազգային իրավունքի տեսակետից անբասիր ձևով անկախություն հռչակած ԼՂ Հանրապետությունը: 1991-ի դեկտեմբերին, երբ ԽՍՀՄ-ի լուծարման գործընթացը մոտեցել էր վերջնագծին, Եվրոպական համայնքը որոշեց ճանաչել անհայտ կարգավիճակով ու սահմաններով Ադրբեջանական Հանրապետությունը, որտեղ մինչ այդ չէր եղել ինքնորոշման մասին որևէ ակտ և անկախության մասին որևէ հանրաքվե: Իր հովանու տակ Ադր.Հ – ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման երեսուն տարի տևած բանակցություններում, հակառակ իրավական անհերքելի փաստերին, Եվրոպան «չտեսավ», որ ԼՂ Հանրապետությունը կայացել է Ադր.Հ.-ին չպատկանող տարածքներում, իր կառույցներում ու ՄԱԿ ընդունվելու անցագիր տալով ցեղասպան Ադրբեջանին: 2020-2023 թթ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախն այսօր Ադր.Հ-ի կողմից զավթված տարածք է:

Բանալի բառեր՝ Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն, Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանի հայերի ցեղասպանություն, Ադրբեջանական Հանրապետություն:

ПОЧЕМУ ПО МЕЖДУНАРОДНОМУ ПРАВУ НАГОРНЫЙ КАРАБАХ (АРЦАХ) НЕ ПРИНАДЛЕЖИТ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКЕ?

Александр Манасян

Резюме

В XX веке в Закавказье появились претендовавшие на Нагорный Карабах (НК) три псевдореспублики с названием Азербайджан. Азрбайджанская Демократическая Республика (АДР) 1918-1920 гг. была учреждена турками. Не признанная Лигой наций, она «покинула» историю без установленных или признанных границ. В те же годы Арцах был де-факто независимым образованием, с легитимными властями в лице Съезда Полномочных Представителей Нагорного Карабаха (СППНК). 28-го апрела 1920 г. СППНК провозгласил НК составной частью Республики Армения. Вторая псевдореспублика – Азербайджанская Советская Социалистическая Республика (Аз.ССР) – была основана 28 апреля 1920 г. XI Красной армией Советской России как не национальнaя, не имевшая титульной нации республика. НК был включен в территорию АзССР на основании непринятого «решения» Кавказского бюро Российской Коммунистической партии (большевиков). Это был акт аннексии. Третье незаконное образование – Азербайджанская Республика (Аз.Р.) – появилось в 1991 г. в ходе распада СССР. Она квалифицировала Аз.ССР как незаконное образование и повозгласила себя преемницей такой же незаконной, не имевшей суверенитета в Арцахе АДР. Ре-

 41

ферендум от 10 декабря НКР состоялся на территориях, не принадлежащих Аз.Р. В ходе распада СССР ОБСЕ признала Азербайджанскую республику без акта самоопределения и референдума о независимости. Таким образом Европа предоставила Азербайджану пропуск в ООН. Ныне Арцах является территорией, захваченной Азербайджаном.

Ключевые слова – Нагорный Карабах, Съезд Полномочных представителей Нагорного Карабаха, Республика Арцах (Нагорно-Карабахская Республика), Азербайджанская Демократическая Республика, Азербайджанская Советская Социалистическая Республика, геноцид армян Азербайджана, Азербайджанская Республика.

ACCORDING TO INTERNATIONAL LAW, NAGORNO-KARABAKH (ARTSAKH) DOES NOT BELONG TO THE REPUBLIC OF AZERBAIJAN?

Alexander Manasyan

 Abstract

In the 20th century, three false republics with the name Azerbaijan appeared in Transcaucasia, laying claim to Nagorno-Karabakh (NK). Azerbaijan Democratic Republic (ADR) 1918-1920. was founded by the Turks. Not recognized by the League of Nations, it left history without established or recognized borders. In those same years, Artsakh was a de facto independent entity, with legitimate authorities represented by the Congress of Plenipotentiary Representatives of Nagorno-Karabakh (SPPNK). On April 28, 1920, the SPPNK proclaimed NK an integral part of the Republic of Armenia. The second false republic – the Azerbaijan Soviet Socialist Republic (Az. SSR) – was founded on April 28, 1920 by the XI Red Army of Sovereign Russia as a non-national republic that did not have a titular nation. NK was included within the AzSSR by an unaccepted "decision" of the Caucasian Bureau of the Russian Communist Party (Bolsheviks).This was an act of annexation. The third illegal entity – the Republic of Azerbaijan (AZ.R) – appeared in 1991 during the collapse of the USSR. It qualified the Azerbaijani SSR as an illegal entity and proclaimed itself the successor to the equally illegal ADR, which had no sovereignty in Artsakh. The referendum of December 10 of the NKR took place in territories not belonging to Az.R. During the collapse of the USSR, the OSCE recognized Az.R., where before there had not been a single act of self-determination or a referendum on independence. A state that, under the cover of the unrelated principle of territorial integrity, continued the policy of the Armenian genocide received a pass to join the UN. Artsakh is now a territory captured by Az.R.

Key words – Nagorno-Karabakh, Congress of Plenipotentiary Representatives of Nagorno-Karabakh, Republic of Artsakh (Nagorno-Karabakh Republic), Azerbaijan Democratic Republic, Azerbaijan Soviet Socialist Republic, genocide of the Armenians of Azerbaijan, Republic of Azerbaijan.

コメント


bottom of page