Իրավական համակարգը կարող է դիտվել որպես սոցիալական, տնտեսական, բարոյական և այլ տեսակի վարքագծի կազմակերպման միջոց: Հետևաբար, իրավական համակարգերը պետք է համապատասխանեն հասարակությանը, սակայն նրանք ունեն որոշակի աստիճանի ինքնավարություն:
Սա վերաբերում է լեզվին (ստեղծելով իր սեփական հասկացությունները և սովորական բառերին հատուկ իմաստներ տալով), դատողությունների և մտածողության իր սեփական ձևերին, իր սեփական ոճին, որը դրսևորվում է պայմանագրերում, կանոնադրություններում, դատական որոշումներում և այլն: Նա ստեղծում է իր սեփական երկուական կոդ, երկատվածությունը՝ ճիշտ / սխալ, օրինական / անօրինական, վավեր / անվավեր և այլն: Բայց իրականում "մաքուր" իրավական երևույթներ գոյություն չունեն: Դատական որոշումներ կայացնելիս, այսինքն օրենքը գործողության մեջ կիրառելիս էական դեր են խաղում հասարակության գաղափարները արդարության, քաղաքական և տնտեսական դրդապատճառների վերաբերյալ: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել "մարդկային գործոնը", և ոչ միայն օրենքը կյանքի կոչելիս, այլև նորմերը ձևավորելիս։
Կարևոր է հասկանալ, թե ով, ինչպես և ինչու է սահմանում այս երկուական կոդը և ինչպես է այն փոխվում, այդ թվում՝ դատարանների կողմից իրականացվող ակտերի միջոցով: Այս հարցը կարևոր է ժողովրդավարության՝ որպես հասարակության քաղաքական կազմակերպության, նրա գործունեության էությունն ու մեխանիզմները հասկանալու համար։ Հայեցակարգ կա, որ իրավունքի աղբյուրը հասարակությունն է՝ որպես քաղաքացիների արդար համագործակցության համակարգ, որի պայմանները պետք է համաձայնեցվեն ողջամիտ հիմքի վրա։ Ժողովրդի ինքնիշխանությունը, որպես ժողովրդավարության հիմք, հիմնված է այն բանի վրա, որ մարդիկ, անհատները ի սկզբանե օժտված են արդարության զգացումով և առաջնորդվում են լավով։
Բայց ինչպե՞ս կարող են նրանք օգտվել իրենց ինքնիշխան իրավունքներից: Եվ այստեղ մենք գործ ունենք ժողովրդավարության և քաղաքական ինստիտուտների հարաբերության հետ, և վերջիններին, ըստ այս հայեցակարգի, ենթադրվում է վստահել քաղաքական, կառավարչական և իրավական լիազորություններ: Այսինքն՝ քաղաքական դասին, լուսավոր վերնախավին, քաղաքական կուսակցությունների ֆունկցիոներներին, սովետական տերմինաբանությամբ ասած՝ «ժողովրդի առաջավոր ավանգարդին»։
Քաղաքացիների, ժողովրդի մասնակցությունը կայանում է հանրաքվեների, ընտրությունների քվեարկության, զանգվածային տարբեր միջոցառումների մասնակցության մեջ, ինչը, իհարկե, շատ կարևոր, անհրաժեշտ պայման է ժողովրդավարության համար, բայց ոչ բավարար։ Հասարակության մեջ անհրաժեշտ է ստեղծել բազմաթիվ մեխանիզմներ և գործընթացներ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ազատորեն թեմատիկացնել իրենց խնդիրները, կոնկրետացնել իրենց ձգտումները և լուծումներ փնտրել՝ և՛ նորմատիվ, և՛ փաստացի, և՛ ինստիտուցիոնալ:
Նորմերի և պրակտիկայի սոցիալական և իրավական վավերականության հարցը լուծվում է բոլորի կողմից ռացիոնալ ընկալելի փաստարկների մշակման անհրաժեշտ միջսուբյեկտիվ դինամիկայի մեջ: Լեգիտիմությունը գալիս է օրինականությունից, իսկ օրինականությունն անիմաստ է առանց լեգիտիմության: Ժողովրդավարական սկզբունքը պետք է հաստատի իրավունքի օրինական ինստիտուցիոնալացման մեթոդներն ու ընթացակարգերը, և միայն այն իրավական օրենքները, որոնք մշակվել են հանրային դիսկուրսի գործընթացում, կարող են լեգիտիմություն պահանջել: Լեգիտիմությունն իրականացվում է ժողովրդավարական գործընթացներին մասնակցության միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ժողովրդավարական հասարակություններում գործնականում ընտրել և օրինականացնել դրանցում գործող նորմերը, իրավունքները և ինստիտուտները: Սոցիալական խնդիրների օպտիմալ լուծման մեթոդներ կարող են մշակվել կառավարության և քաղաքացիական հասարակության միջև հանրային և մասնավոր իրավունքի հարցերի շուրջ ինստիտուցիոնալ քննարկման միջոցով:
Comments