top of page

Բրիտանացի պատգամավորները կոչ են արել դատապարտել Ադրբեջանի վայրագությունները Լեռնային Ղարաբաղում

1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորները երկրի արտաքին գործերի նախարարությանը կոչ են արել դիրքորոշում հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող վայրագությունների դեմ։


1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորները երկրի արտաքին գործերի նախարարությանը կոչ են արել դիրքորոշում հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող վայրագությունների դեմ։

Խորհրդարանականները նամակ են հղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին՝ կոչ անելով վերջ տալ կառավարության լռությանը և հանդես գալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության դեմ իրականացվող վայրագությունների դեմ։

Պատգամավորները նաև հայտարարություն են տարածել, որում նշված է․

«Արտաքին գործերի նախարարությունն այժմ պետք է դիրքորոշում հայտնի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագությունների դեմ: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը ապօրինաբար փակվել է Ադրբեջանի կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերին՝ ուղղակիորեն խախտելով նոյեմբերին կնքված հրադադարի հայտարարությունը։ Այդ ժամանակից ի վեր գրեթե բոլոր տեղաշարժերն ու կենսական մատակարարումները դադարեցվել են, ինչը հանգեցնում է հումանիտար ճգնաժամի վատթարացման՝ վտանգելով հազարավոր կյանքեր: Ապօրինի շրջափակման պատճառով բացարձակապես արգելված է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, ցանկացած բնակչության գոյատևման համար անհրաժեշտ ամեն ինչի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Թերսնուցումն ազդում է հղիների վրա։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով տեխնածին աղետի հետևանքով Արցախում հղիների ավելի քան 90%-ը անեմիա ունի։ Վերջին ամիսներին վիժումները աճել են 3 անգամ՝ բնակչության համար հիմնական սննդամթերքի և դեղորայքի բացակայության պատճառով։ Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է, որ ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով: Բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ լուրջ մտահոգություններ են բարձրացրել զարգացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և խնդրել են ամբողջ աշխարհի կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու շրջափակումը: Amnesty International-ը Ադրբեջանին մեղադրել է մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները չկատարելու մեջ, որը ոչ մի քայլ չի ձեռնարկում շրջափակումը վերացնելու համար: ԵՄ-ն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և եվրոպական շատ երկրներ խստորեն դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ են արել անհապաղ վերացնել շրջափակումը, հատկապես վերջին շրջանում արագորեն վատթարացող պայմանների լույսի ներքո: Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խումբը խնդրում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին անել նույնը և հասկացնել, որ Ադրբեջանի գործողությունների համար հետևանքներ կլինեն, եթե նա հիմա չգործի»։


Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութոնը.

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը հասնում է ճգնաժամային կետի։ Ադրբեջանի կառավարության կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն արդարացում չունի և արվել է ենթադրյալ խաղաղապահ ուժերի ներկայությամբ։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կենսական մատակարարումների կանխամտածված մերժումն Ալիևի կառավարության կողմից իրականացվող էթնիկ զտումների վերջին փորձն է, և այն պետք է անվանել այնպես, ինչպես կա: Մարդկային թշվառությունը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հսկայական տեղահանումը, թվում է, ադրբեջանական խաղային ծրագրի մի մասն են կազմում՝ դուրս մղելու այս անհանգիստ տարածքի օրինական քաղաքացիներին, ովքեր ցեղասպանության վտանգի տակ են: Մենք համաձայն ենք Ֆրանսիայի կառավարության և եվրոպական այլ երկրների դիրքորոշման հետ, որոնք կոչ են արել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և իրականացնել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված ժամանակավոր միջոցները, որոնք պարտադիր են: Մենք միանում ենք նրանց՝ պահանջելով վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարմամբ։ Սա խորապես ապակայունացնող է մի տարածքում, որն արդեն իսկ գտնվում է մեծ ճնշման տակ և կարող է գործարկվել որպես հետագա հակամարտությունների ձգան, որն ուղղակի ազդեցություն կունենա արևմտյան շահերի վրա, ինչը սակայն Մեծ Բրիտանիայում քիչ լուսաբանում է ստացել: Ուստի, մենք այսօր գրել ենք Արտաքին գործերի նախարարին, որպեսզի նման դիրքորոշում ընդունի և հստակ արտահայտի բրիտանական կառավարության դատապարտումը, առանց հետագա հապաղման»:

Commenti


bottom of page