Պետության տարածքը և նրա սահմանները որոշվում են միջազգային և ներքին իրավական ակտերով:
Պետության տարածքը գտնվում է նրա ինքնիշխանության ներքո և սահմանափակված է պետական սահմանով: Պետության տարածքը և նրա սահմանները որոշվում են միջազգային և ներքին ակտերով: Այդ թվում ՝ հարեւան պետությունների հետ սահմանների մասին պայմանագրերի կնքմամբ, զինված հակամարտությունների ավարտից հետո խաղաղ պայմանագրերով։ Ոչ թե հանրագիտարանների հոդվածները, այս կամ այն քարտեզները, այլ իրավական ակտերն են սահմանների որոշման համար հիմք հանդիսանում: Դրանց հիման վրա իրականացվում է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա և կազմվում են քարտեզներ։ Հենց իրավական ակտերը պետք է լինեն այս հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հիմնական փաստարկները:
Պետության ինքնիշխանությունը որոշակի տարածք տարածելու իրավական հիմքերի մասին մենք գրել ենք քաղաքագետների հայկական ասոցիացիայի կայքում https://shorturl.at/sFoxt:
Ելնելով վերոգրյալից անդրադառնանք այսպես կոչված "անկլավների" և Հայաստանի այլ ինքնիշխան տարածքների հարցին:
1.Առաջին. Խորհրդային Միությունում «անկլավներ» չեն եղել:
Խոսել ինչ որ այսպես կոչված «անկլավների» մասին, որոնք իբր գոյություն ունեին Խորհրդային Միությունում, թյուրիմացություն է, դրանք այնտեղ երբեք չեն եղել ։ Չկա ոչ մի փաստաթուղթ որևէ անկլավների մասին, ոչ մի իրավական ակտ։
Այո, կային ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր կամ շրջաններ, բայց դուք ոչ մի տեղ չեք գտնի որևէ հիշատակում անկլավների մասին՝ ոչ Խորհրդային Միության Սահմանադրության, ոչ խորհրդային հանրապետությունների սահմանադրություններում, ոչ էլ սովետական այլ իրավական փաստաթղթերում:
Ուստի Տիգրանաշենի ՝ որպես անկլավի մասին խոսելը կամ իրավական անգրագիտության վկայությունն է, կամ, որ ավելի հավանական է, քաղաքական նպատակներով մանիպուլյացիայի փորձերի։
Երկրորդ. Ալմա-Աթայի հռչակագիր։
Այսպես կոչված "անկլավները" և Հայաստանի Հանրապետության մյուս ինքնիշխան տարածքները որպես Ադրբեջանի տարածքներ ներկայացնելու փորձն այսօրվա իշխանությունները ձգտում են հիմնավորել Ալմա-Աթայի հռչակագրի հղումներով ՝ այն ներկայացնելով որպես լեգիտիմ հիմք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի սահմանման և սահմանազատման ու սահմանագծման համար։
Պնդում են, թե իբր Ալմա-Աթայի հռչակագրով խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվում են որպես նոր անկախ պետությունների սահմաններ ։ Սակայն հռչակագրում այդ մասին ոչ մի խոսք չկա։
Բացի այդ, այս հռչակագիրը տարածքների և սահմանների որոշման իրավական հիմք չէ։ Դրա իրավական նշանակությունը կայանում է նրանում, որ կողմերը հայտարարել են երկու շաբաթ առաջ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի կողմից ընդունված ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին միանալու մասին, որում տարածքների և սահմանների մասին բառացիորեն նույնն է գրված։
Բայց այս համաձայնագիրը իշխանությունների կողմից չի հիշատակվում, երևի այն պատճառով, որ այն վավերացվել է Հայաստանի կողմից, և դրա խեղաթյուրումը օրենքի կոպիտ խախտում է։
Կարելի է նաև արձանագրել, որ նշված փաստաթղթերը ստորագրելով Ադրբեջանը դե յուրե ընդունել է, որ ոչ Արցախը, ոչ էլ հայկական մյուս տարածքները Ադրբեջանի կազմում չեն դրա համար էլ նրա իշխանությունները, ի տարբերություն հայկականի, ջանում են խուսափել այդ դոքսմենթների մասին հիշատակելուց։
Երրորդ. uti possidetis: Ադրբեջանցի իրավագետները, հասկանալով իրենց դիրքորոշման թուլությունը, փորձում են հիմնավորել Ադրբեջանի տարածքային պահանջները ՝ վկայակոչելով միջազգային իրավունքի սկզբունքը, որը կոչվում է uti possidetis, որը նշանակում է տիրել այն ամենին, ինչ տվյալ պահին ունես։ Բայց, նախ, Ադրբեջանը ԽՍՀՄ-ից դուրս գալու ժամանակ այդ տարածքներին չէր տիրապետում ։ Ավելին՝ այս սկզբունքը կիրառվում էր նախկին լատինաամերիկյան և աֆրիկյան գաղութների նկատմամբ անկախություն ձեռք բերելիս, և մասամբ Հարավսլավիայի նկատմամբ։ Բայց Խորհրդային Միության նկատմամբ, որն ուներ բարդ և բազմամակարդակ պետական կառույց, որից դուրս եկան միութենական հանրապետությունները, այն ոչ մի կերպ չի կարող կիրառվել։ Խորհրդային Միությունը բաղկացած էր ոչ թե գաղութներից, այլ տարբեր մակարդակների պետական կազմավորումների, միութենական և ինքնավար հանրապետությունների, ինքնավար մարզերի, շրջանների, և այլ ինքնավար տարածքնրի միություն էր, որոնց տարածքների կարգավիճակը և դրանց սահմանները չէին կարող փոխվել առանց նրանց համաձայնության:
Չորրորդ, Իրավահաջորդություն։
ժամանակակից Ադրբեջանը, Խորհրդային Միության կազմից դուրս գալու ժամանակ հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, նշված տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու որևէ իրավական հիմք չունի, նույնիսկ եթե դրանց պատկանելությունը ինչ-որ մեկը վիճելի համարեր։
Այսպիսով, նշված տարածքները Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած փորձ ոչ այլ ինչ է, քան կոպիտ իրավական և քաղաքական կամայականություն ՝ ի վնաս Հայաստանի: Պետք է բոլոր ջանքերը գործադրել դրանք կասեցնելու համար։
Yorumlar